26 նոյեմբերի 2016 - 11:39 AMT
ՀՀ-ում խմելու ջրի միասնական սակագին կգործի՝ 180 դրամ. Վերանայման ենթակա է

Հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կգործի խմելու ջրի միասնական սակագին՝ 180 դրամ:

Խմելու ջրի միասնական օպերատորի համար հայտարարված մրցույթում հաղթել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերությունը, որը Հայաստանում իր գործունեությունը կիրականացնի «Վեոլիա Ջուր» նորաստեղծ ընկերության միջոցով:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը հայտնել է Panorama.am-ին, որ մինչ այս Հայաստանում խմելու ջրի համակարգի սպասարկումն իրականացնում էր 5 ընկերություն: Նրանցից 4-ն աշխատում էին վարձակալական հիմունքներով, մեկը՝ կառավարման:

«Այս ընկերություններից յուրաքանչյուրն իր համար ընդունելի սակագին էր սահմանել իր սպասարկման տարածքի բնակչության համար: Ամենացածր սակագինը գործում էր «Երևան Ջուր» ընկերության սպասարկման տարածքում՝ 170.3 դրամ: Մյուս ընկերությունների սպասարկման տարածքում գործում էր 179.78, 172 և 203 դրամ սակագները: Այսինքն, ըստ ըության, նոր՝ 180 դրամ սակագինը միջինացված ցուցանիշ է: Խոսելով 10 դրամ թանկացման մասին, պետք է նշել նաև 23 դրամի էժանացումը»,- ասել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ մինչ այս գործող 5 ընկերության գործունեությունն ավարտվել է պայմանագրով սահմանված ժամկետին համապատասխան: Ամիսներ առաջ հայտարարված մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել 3 ընկերություն և 1 միջազգային կոնսորցիում: Տեխնիկական չափորոշիչների փուլը չի հաղթահարել 2 հայտատու ընկերություն:

«Երկրորդ փուլում քննարկվել են ընկերությունների ներկայացրած ֆինանսական փաթեթները: Այս փուլը բավականին երկար տևեց, քանի որ առաջարկված սակագինը բավականին բարձր էր՝ 230 դրամ: ՋՏՊԿ-ին հաջողվեց բանակցությունների միջոցով մոտ 50 դրամով իջեցնել այս սակագինը: Մյուս հայտատուի ֆինանսական առաջարկի մասին որևէ բան ասել չեմ կարող, քանի որ դա նրա առևտրային գաղտնիքն է»,- ասել է ՋՏՊԿ-ի մամուլի խոսնակը:

Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ միասնական սակագինը սահմանվել է օպերատորի 15-ամյա պայմանագրային գործունեության համար, սակայն ենթակա է վերանայման: «Այսուհետ սակագնի վերանայման հարցը Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի տիրույթում է»,- ընդգծել է նա:

Ըստ պայմանագրի՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը առաջիկա 15 տարիներին շուրջ 89 մլրդ դրամի վարձակալության գումար կվճարի ՀՀ կառավարությանը, բացի այդ, ընկերությունը պարտավորվում է 37.5 մլրդ դրամի ներդրում կիրականացնի համակարգի զարգացման նպատակով:

Միասնական նոր օպերատորի սպասարկման տարածքից, սակայն, դուրս է մնում մոտ 570 համայնք: Դրանց սպասարկման համար չկան համապատասխան ենթակառուցվածքներ:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պաշտոնապես դարձել է Հայաստանի Հանրապետության խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը առաջիկա 15 տարվա համար: Նոյեմբերի 21-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ստորագրվել է Հայաստանի խմելու ջրի համակարգի վարձակալության պայմանագիրը։ Ընկերությունն իր վարձակալական պարտավորությունների կատարմանը կանցնի 2017 թվականի հունվարի 1-ից: