Նախագահը ցավակցել է Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ

Նախագահը ցավակցել է Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի պետական խորհրդի նախագահ, նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսին՝ եղբոր՝ Ֆիդել Կաստրո Ռուսի մահվան կապակցությամբ, ցավակցություն ու զորակցություն հայտնել նրան և Կուբայի բարեկամ ժողովրդին:

«Ֆիդել Կաստրոյի դերն ու նշանակությունը Կուբայի նորագույն պատմության մեջ, իրոք, դժվար է գերագնահատել: Սա ծանր կորուստ է Կուբայի ժողովրդի համար, որն անկեղծ հարգանք ու սեր է տածում նրա հանդեպ:

Իր գաղափարներին և սկզբունքներին մինչև վերջ հավատարիմ մնալով և պահպանելով իրեն բնորոշ խիզախ ու վեհ կեցվածքը՝ Ֆիդել Կաստրոն շարունակելու է ոգեշնչել և առաջնորդել կուբացիների նորանոր սերունդներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 25-ի երեկոյան, իննսուն տարեկանում մահացել է կուբայական հեղափոխության առաջնորդ, Կուբայի նախկին ղեկավար, պետական, քաղաքական գործիչ Ֆիդել Կաստրոն:

Նա ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգում։

Ֆիդել Կաստրոն 1976 թվականի դեկտեմբերից 30 տարի շարունակ, եղել է Կուբայի պետխորհրդի նախագահը, ինչպես նաև՝ Նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։

Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել էր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---