ՊՆ. «1000 դրամի» հիմնադրամի գործունեությունը լինելու է հստակ, թափանցիկ ու վերահսկելի

ՊՆ. «1000 դրամի» հիմնադրամի գործունեությունը լինելու է հստակ, թափանցիկ ու վերահսկելի

PanARMENIAN.Net - Մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության ապահովմանն ուղղված օրենքի շրջանակում ստեղծվելիք կառույցում յուրաքանչյուր լումայի ծախսման և կուտակված բոլոր միջոցների շարժը երևալու է ամբողջ հասարակության համար` իրական ժամանակում հետևելու հնարավորությամբ: Այս մասին նոյեմբերի 27-ին«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ իր համար դա լինելու է պատվի խնդիր, որպեսզի այդ հիմնադրամի գործունեությունը լինի չափազանց թափանցիկ, հասկանալի:

«Կարծում եմ՝ այն քննարկումը, որ ծավալվեց նախագծի շուրջ, ցույց տվեց, որ նախաձեռնությունը չափազանց կարևոր է, ակտուալ, և այդ քննարկումը յուրաքանչյուրի համար իմաստավորված է: Հերթագրվեց և ելույթ ունեցավ մոտ 40 պատգամավոր, ես գրեթե երկու նիստ շարունակ պատասխանում էի պատգավորների հարցերին, և քվերարկության այն արդյունքը, որ եղավ`102 ձայն կողմ, որը շատ բարձր արդյունք է ԱԺ-ի քվեարկությունների ընդհանուր պրակտիկայում, ցույց տվեց, որ, ընդհանուր առմամբ, իմ բերած փաստարկնեռրը համոզիչ էին օրենսդրի համար, որի համար ես շատ շնորհակալ եմ ԱԺ-ում մեր բոլոր գործընկերներին: 102-ը շատ ավելի մեծ թիվ է, քան ՀՀԿ ֆրակցիան խորհրդարանում»,- անդրադառնալով օրենքի նախագծին՝ ասել է Սարգսյանը:

ՀՀ կառավարության նոյեմբերի 11-ի նիստում որոշվել է, որ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար նախատեսված հատուկ կառույց կստեղծվի, որին կուղղվի յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրամաշնորհային վճարը:

«Ես կարծում եմ, որ քննադատության մեջ պետք է տարանջատել երկու-երեք հիմնական էլեմենտ, որոնցից ամենակարևորը և իմ համար, ուղիղ ցուցիչը, վստահության և թափանցիկության ապահովման խնդիրներն են: Մենք բոլոր ընթացակարգերի վրա հիմա աշխատում ենք և ներդնելու ենք դրանք: Կարծում եմ՝ մենք շատ կարևոր քայլ ենք կատարում: Ես ասել եմ այս օրերին, որ սա սոցիալական ծրագիր չէ, այլապես այն ԱԺ կտաներ սոցապ նախարարությունը: Սա պաշտպանական քաղաքականություն է: Մենք մի երկիր ենք, որը ունի պայմանագրային զինծառայողների շատ մեծ կարիք, մենք երկիր ենք, որը ունի սպայական լուրջ անձնակազմի խնդիր: Իսկ այդ մարդկանց ծառայություն ներգրավելու փաթեթի մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում ապահովագրական վճարի գաղափարը: Եվ, իհարկե, այս օրերին հնչեցին հարցեր, թե արդյոք հնարավոր չէ եղած բյուջեի միջոցներից դա անել: Միգուցե հնարավոր էր, բայց դա նշանակում էր կրճատել այլ որևէ ծախս պաշտպանության համակարգում, իսկ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ լուծելու, այդ թվում և սպառազինության և եթե մեզ հաջողվի, իսկ ես վստահ եմ, որ մեզ հաջողվելու է, ավելացնել ՊՆ-ում բյուջետային կառավարման արդյունավետությունը, մենք այդ միջոցները ուղղելու տեղ ունենք: Այս ծրագիրը մի փոքր այլ ծրագիր էր, որտեղ յուրքանչյուր աշխատող քաղաքացի, իր ամեն ամսվա աշխատավարձից տարհանում կատարելով, ասում է, որ իր համար կարևոր միջոց է կանգնելու զինծառայողի կողքին, եթե հետ ինչ-որ բան պատահի»,-ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով պարտադիր բաղադրիչի հանման հնարավորության թեմային, որի մասին օրերս խոսել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարանը, Վիգեն Սարգսյանը նշել է.

«Ես Կարծում եմ, որ պարոն Բաղդասարյանը նկատի ուներ հենց իմ կողմից ներկայացած առաջարկը, որ լինելու են խմբեր, որոնց համար պարտադիր բաղադրիչը կարող է փոխարինվել կամընտիր բաղադրիչով»:

Վիգեն Սարգսյանը մանրամասնել է, որ խոսքը գնում է այն մարդկանց մասին, որենք այդ պահին բանակում ունեն ժամկետային զինծառայող և այն մարդկանց մասին, որոնք ունեն զոհված, կամ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ:

«Ես կարծում եմ, որ դա տրամաբանական է և բարոյական և նրանք պետք է ընտրեն` կուզեն մասնակցել այս հիմնադրամին, թե՝ ոչ»,-ասել է նա՝ հավելելով, որ հատկացումը չի վերաբերում նաև նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիներին:

2017թ հունվարի 28-ից հետո մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ։ Այնուհետև, եթե զոհվածը սպա է, նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ, ենթասպայի դեպքում՝ 250, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարական դրամ։ Եթե զինծառայողը վիրավոր է և երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն և համապատասխանաբարար՝ 250, 150 և 100 հազարական դրամ։ Նախատեսվում են նաև այլ փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու և այլ դեպքերի համար։

Կարդացեք նաև՝ Նախարար. «1000 դրամի» օրենքի նախագծի պարտադիր բաղադրիչը չի հանվելու

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---