29 նոյեմբերի 2016 - 11:52 AMT
Բունդեսթագի պատգամավորները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ Սիրիայի պատճառով

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները դիմել են դաշնային կառավարությանն ու Եվրամիության ղեկավարությանը` հորդորելով նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ սիրիական Հալեպում տիրող իրավիճակի պատճառով: Նրանք առաջարկում են նաև «օդային կամուրջ» հաստատել այդ քաղաքում, հայտնում է Lenta.ru-ն Spiegel-ի վրա հղումով:

Նախաձեռնության հեղինակներն են միջազգաւյին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նորբերտ Ռոտգենը ՔԴՄ-ից և «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ Ֆրանցիսկոս Բրանթերը:

Նրանք նշում են, որ ըստ ստացվող զեկույցների, Հալեպի գրավումը կառավարական ուժերի կողմից «ամենայն հավանականությամբ անխուսափելի է»: Ինչպես նշվում է, սիրկական բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ առաջ է շարժվում` նորանոր թաղամասեր ազատագրելով գրոհայիններից:

«Ամեն օր հաղորդագրություններ են ստացվում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին, գնդակոծության տակ են հայտնվում դպրոցներն ու հիվանդանոցները»,-ասվում է հրապարակման մեջ:

Գաղափարի հեղինակների կարծիքով, պատժամիջոցները, թեև դանդաղ են գործում, պետք է ստիպեն ՌԴ ղեկավարությանը «հաշվարկել սեփական գործողությունների հետևանքները»: Նրանք քննադատել են ԳԴՀ և ԵՄ-ին այդ հարցում «լռության համար»:

Հոկտեմբերի 21-ին Եվրամիության երկրները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում ՌԴ դեմ Սիրիայի իրավիճակի պատճառով պատժամիջոցներ չսահմանեցին, թեև նման հնարավորություն քննարկվում էր:

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում ակտիվ քննարկվում էր Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը: Պատճառը իրավիճակն է սիրիական Հալեպում: Արևմուտքի երկրները մեղադրում են Ռուսաստանին խաղաղ բնակիչներին և զինյալ ընդդիմությանը ռմբակոծելու մեջ:

Դամասկոսն ու Մոսկվան պնդում են, որ հարվածներ են հասցնում միայն ահաբեկիչներին և մեղադրում են Վաշինգտոնին «չափավոր ընդդիմության վրա» ազդելու անկարողության մեջ`զատելու համար նրանց ջոկատներն ահաբեկիչներից: