Ինքնավար արևային կայաններ ունեցողները կարող են էլեկտրաէներգիայի ավելցուկը վաճառել ՀԷՑ-ին

Ինքնավար արևային կայաններ ունեցողները կարող են էլեկտրաէներգիայի ավելցուկը վաճառել ՀԷՑ-ին

PanARMENIAN.Net - Փոքր հզորությամբ ինքնավար արևային կայանների տեղադրման համար Հայաստանում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ։ Կատարված օրենսդրական փոփոխություններից հետո այսուհետ ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։

Դրա համար ոչ միայն չի պահանջվում որևէ լիցենզիա, այլև ամբողջ գործընթացն ազատված է հարկերից։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով, վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է նաև ինքնավար կայանների էլեկտրական ցանցին միանալու պայմանագրի օրինակելի ձևը և հատուցման տրամադրման կարգը։ Այդպիսով, այլևս որևէ խոչընդոտ չկա սեփական կարիքները բավարարելու համար մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայանների տեղադրման և շահագործման համար։

Ցանցին միանալու համար անհրաժեշտ կլինի սպառողի կողմից ներկայացված դիմումը։ Դրա հիման վրա կնքվում է միացման պայմանագիրը, որի համաձայն ցանցերն իրականացնում է նոր սպառողի միացումը։

Դրանից հետո, ըստ Բադալյանի, տեղադրվում են դարձափոխիչային ռեվերսային բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման և սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ էլեկտրական էներգիայի մատակարարարման և օգտագործման կանոններով, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մինչև 2020 թ. ՀՀ կառավարությունը նախատեսում է էներգետիկ ծախսերը կրճատել 38 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Արևային էներգետիկայի զարգացման նպատակով, 2017-ից նախարարությունը նախատեսում է անցկացնել նաև միջազգային մրցույթ՝ 50 մգվտ հզորությամբ արևային կայան կառուցելու համար: Մրցույթում հաղթելու առաջին և ամենակարևոր նախապայմանը ցածր սակագինն է:

Արևային էներգիայի զարգացման խթանման նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը` Համաշխարհային բանկի և Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ իրականացրել են «Հայաստանում արդի արեգակնային ՖՎ էներգետիկայի զարգացման օժանդակում» ծրագիրը: Ուսումնասիրվել են ֆոտոէլեկտրական արդյունաբերության ներուժի զարգացման հնարավորությունները Հայաստանում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---