Սասունյան. ՀՀ-ն վերջապես հակազդում է Պակիստանի հակահայկական քաղաքականությանը

Սասունյան. ՀՀ-ն վերջապես հակազդում է Պակիստանի հակահայկական քաղաքականությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը վերջապես որոշել է հակազդել Պակիստանի շարունակական ադրբեջանամետ, թուրքամետ և հակահայկական քաղաքականությանը, գրում է իր հոդվածում «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Հոդվածում մասնակվորապես ասվում է, որ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանը արգելք է դրել Պակիստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքի վրա՝ ի պատասխան Պակիստանի հակաարցախյան դիրքորոշմանը:

Հայաստանը բացատրել է, որ «Պակիստանը հրաժարվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլև վերջինս պաշտոնապես ճանաչել որպես անկախ պետություն»՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման: Իրոք, Պակիստանը մեկն է աշխարհի այն փոքրաթիվ երկրներից, որոնք քառորդ դարյա անկախությունից հետո դեռ չեն ճանաչել Հայաստանը...

Սասունյանը նշում է, որ այս համեմատաբար փոքր դրվագը ողջունելի զարգացում է, որը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարները ցանկանում են ժամանակ առ ժամանակ ցույց տալ իրենց վճռականությունը: Նման քայլը կարող է նաև որպես նախազգուշացում ծառայել այլ երկրների համար, որ Հայաստանը պատրաստ է և ցանկանում է պաշտպանել իր շահերը, իսկ անհրաժեշտության դեպքում խոչնդոտել իր հակառակորդների շահերին:

Պակիստանի հակահայկական դիրքորոշումը նախորդում է Հայաստանի անկախությանը: «Իմ հիշողության մեջ դեռ թարմ են ՄԱԿ-ում Պակիստանի դեսպանների եյույթները 1970-1980-ական թվականններին, Ժնևում (Շվեյցարիա) Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստերի ժամանակ՝ ի պաշտպանություն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումների»,-ասվում է հոդվածում:

Սասունյանը հիշեցնում է, որ 1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո, Պակիստանը շարունակեց իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի և Արցախի դեմ՝ խստորեն պաշտպանելով Ադրբեջանին և Թուրքիային: Արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանը վարձել էր մոջահեդ ահաբեկիչներ Պակիստանից և Աֆղանստանից հայերի դեմ կռվելու համար: Այդ ժամանակից ի վեր, Պակիստանի և Ադրբեջանի ղեկավարները բազմաթիվ առիթներով փոխադարձ այցելություններ են կատարել՝ ամրապնդելով իրենց տնտեսական և ռազմական հարաբերությունները:

Օրինակ, Պակիստանի պաշտպանության նախարար Սայեդ Աթհար Ալին, 2010 թ. Բաքու կատարած իր այցի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է «համագործակցության ամրապնդումը ռազմական բնագավառում և պաշտպանական արդյունաբերության մեջ»՝ ըստ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության: Ի պատասխան՝ նախագահ Ալիևը շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի բանաձևի օգտին քվեարկելու և Ադրբեջանի դեմ ագերսիայի հետ կապված Հայաստանը չճանաչելու համար»:

2015 թ. մարտին, Բաքու կատարած իր այցի ժամանակ, Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը հայտարարել է. «Մենք միշտ կողմ ենք եղել Ադրբեջանի արդար դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության հարցում: Պակիստանը չի ճանաչում Հայաստանը որպես պետություն»: Նա նաև հայտարարեց, որ Պակիստանի Սենատը, հայերի կողմից ադրբեջանցիների սպանությունները Խոջալուում Արցախյան պատերազմի ժամանակ, ճանաչել է որպես ցեղասպանություն:

2016 թ. ապրիլի 5-ին, Ադրբեջանի կողմից Արցախի գյուղերի բնակիչների վրա վայրագ հարձակման ժամանակ, Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը կեղծ մեղադրանք ներկայացրեց Հայաստանին՝ «շարունակական հրետանային գնդակոծության» միջոցով «հրադադարի ռեժիմը խախտելու» համար: Ավելի ուշ, նույն ամսվա ընթացքում, Իսլամաբադ կատարած իր այցի ժամանակ, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն ասաց Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆին, որ Ադրբեջանը ձգտում է ձեռք բերել ռազմական տեխնիկա Պակիստանից: 2016 թ. սեպտեմբերի 27-ին, Բաքվում կայացած հանդիպման ժամանակ նմանատիպ քննարկում տեղի ունեցավ Պակիստանի պաշտպանության նախարար Ռանա Թանվիրի և նախագահ Ալիևի միջև:

2016 թ. հոկտեմբերի 14-ին, Ադրբեջան կատարած իր փոխադարձ այցի ժամանակ, Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆն ասաց Ալիևին համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ իր երկրի հետաքրքրության մասին:

Նավազը նաև «ադրբեջանական գրավյալ տարածքների ամբողջական վերադարձման, հայկական զորքերի դուրսբերման և տեղահանված անձանց ու փախստականների վերադարձի կոչ արեց»: Ի պատասխան՝ Ալիևն իր երկրի աջակցությունը հայտնեց Պակիստանի դիրքորոշմանը Ջամուի և Քաշմիրի վերաբերյալ՝ հակառակ Հնդկաստանի: Մեկ ամիս անց, երբ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովն այցելեց Պակիստան, նախագահ Մամնուն Հուսեյնը նրան հիշեցրեց, որ Պակիստանը երրորդ երկիրն էր Թուրքիայից և Ռումինիայից հետո, որ ճանաչեց Ադրբեջանը: Նախագահ Հուսեյնը նաև իր երախտագիտությունը հայտնեց Ադրբեջանին՝ Ջամուի և Քաշմիրի շուրջ Հնդկաստանի հետ ունեցած վեճում Պակիստանին սատարելու համար, և խոստացավ շարունակել աջակցությունը «Լեռնային Ղարաբաղի» (Արցախի) վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին:

Ադրբեջանից հետ չմնալու նպատակով, Թուրքիայի նախագահ Էրդողանը այցելեց Պակիստան 2016 թ. նոյեմբերի 17-ին, որտեղ վարչապետ Նավազ Շարիֆը ողջունեց նրա այցը իր «երկրորդ տուն»: Ի պատասխան՝ Էրդողանը հայտարարեց. «Ամբողջ աշխարհը պետք է ընդօրինակի Պակիստանին...»:

Սասունյանը գրում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքը պետք է շարունակեն հակազդել Պակիստանին և հակահայկական այլ պետություններին՝ հետագայում Հայաստանի շահերին վնաս պատճառելու իրենց մտադրություններից հետ կանգնեցնելու համար: «Ստորև ներկայացնում եմ մի քանի առաջարկություններ.

Հայաստանը պետք է դեմ քվեարկի Պակիստանի օգտին ցանկացած հարցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում.

Հայաստանը պետք է արգելափակի Պակիստանի ջանքերը՝ Եվրասիական տնտեսական միության հետ կապ հաստատելու համար.

Հայաստանը պետք է կողմ լինի Հնդկաստանին՝ Ջամուի և Քաշմիրի շուրջ Պակիստանի հետ ունեցած վեճում.

Ամերիկահայերը պետք է հորդորեն ԱՄՆ Կոնգրեսին լսումներ անցկացնել Պակիստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ»,-ասվում է Սասունյանի հոդվածում:

Ավելի վաղ Պակիստանի առևտրի զարգացման գործակալության տնօրեն Շեյխ Մոհամադ Մունիրը հայտարարել էր, որ Պակիստանը հույս ունի մեկ տարվա ընթացքում ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ:Նա ասել էր, որ Իսլամաբադն ուզում է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել ԵՏՄ հետ՝ պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ:2016-ի տարեսկզբին Իսլամաբադը ԵՏՄ-ին ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ հարցում էր ուղարկել:

ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել էր, որ եթե ԵՏՄ-ի և Պակիստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հարցը քննարկման առարկա դառնա, «Հայաստանի Հանրապետության մոտեցումը պայմանավորված կլինի Պակիստանի դիրքորոշմամբ Հայաստանի հետ հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման հարցերում»:

Ընթերցեք նաև. Պակիստանը ՀԱՊԿ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ չի ունենա. Հայաստանը դեմ է եղել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---