26 հունիսի 2007 - 14:38 AMT
Այսօր պետական այցօվ Հայաստան է ժամանում Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանում Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը տիկնոջ` Մեյ Պապուլիայի հետ, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԳ փոխնախարար Թեոդորոս Կասսիմիսը, պաշտպանության փոխնախարար Իոաննիս Լաբրոպուլոսը, պաշտոնատար այլ անձինք:

Հունիսի 26-ին կկայանա նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Հունաստանի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, կհանդիպի հունական համայնքի ներկայացուցիչներին:

Հունաստանի նախագահը կայցելի նաեւ Մեծ Եղեռնի հուշահամալիր, Մատենադարան, Երեւանի պետական համալսարան:

Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւանից կմեկնի հունիսի 28-ին:-0-