1 դեկտեմբերի 2016 - 10:48 AMT
ԿԲ-ն արծաթե նոր հուշադրամներ է շրջանառության մեջ դրել

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրել «Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Գևորգի մասունքով խաչ» և «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ» արծաթե հուշադրամները: ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ հուշադրամները հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում։

«Խոտակերաց Սուրբ Նշան» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ», դարձերեսին պատկերված է «Խոտակերաց Սուրբ Նշան» մասունքարանը և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016 ՌՆԿԵ»:

«Սուրբ Գևորգի մասունքով խաչ» հուշադրամի դիմերեսին ևս պատկերված է ՀՀ զինանշանը, իսկ դարձերեսին պատկերված է Սուրբ Գևորգ Զորավարի մասունքով խաչ-մասունքարանը։

«Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, իսկ դարձերեսին՝ Սբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչաձև մասունքարանը: