1 դեկտեմբերի 2016 - 11:59 AMT
«Հյուսիս-հարավի» Քաջարանից Սիսիան հատվածը կարող է վճարովի լինել

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի որոշ հատվածներ, մասնավորապես Քաջարանից Սիսիան ընկած հատվածը, չի բացառվում, որ լինի վճարովի։

Տրանսպորտի և կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը մանրամասնել է, թե խոսքն ինչի մասին է.

«Քանի որ Հյուսիս-Հարավը մեծ ֆինանսական բեռ է արտաքին պարտքի տեսանկյունից, վարչապետը մեզ հանձնարարեց, որ դիտարկենք այլընտրանքային ֆինանսավորման մեխանիզմները, որոնցից հիմնականը մասնավորի ներդրմամբ ճանապարհի կառուցումն է: Դա ընդունված պրակտիկա է աշխարհում, երբ մասնավորը գումար է ներդնում, ճանապարհ կառուցում և դարձնում այն վճարովի, և այդ վճարների հաշվին ստանում է եկամուտ:

Այդ հատվածը Քաջարանից Սիսիան ընկած հատվածն է, որտեղ նախատեսվում է կառուցել 2 խոշոր թունել՝ մեկը 4,7 կմ երկարությամբ, մյուսը՝ 8,5 կմ երկարությամբ:

Դրանց կառուցմամբ գործող ճանապարհը կկրճատվի մոտավորապես 60-70 կմ-ով, նաև կտնտեսվի մոտ 2,30-3 ժամ՝ սահմանից մինչև Սիսիան հասնելու համար», մեջբերում է Armtimes.com-ը:

Առաքելյանը հստակեցրել է՝ քաղաքացին, նաև բեռնափոխադրողը հնարավորություն է ունենալու ընտրել՝ վճարովի ճանապարհով է ցանկանում երթևեկել, թե՝ անվճար:

Ինչ վերաբերում է հարցին, թե կան արդյոք հաշվարկներ, թե որքան կարժենա այդ ճանապարհով երթևեկելը, փոխնախարարն ասել է.

«Դեռ չկան հաշվարկներ, տարբեր մոտեցումներ ենք հաշվում: Իհարկե, մեր քաղաքացիները կօգտվեն այդ ճանապարհից, բայց այն հիմնականում նպատակ ունի ՀՀ-ն տարանցիկ երկիր դարձնելու: Աշխարհը ցանկություն ունի առևտուր անել Իրանի հետ, այդ թվում տրանսպորտային ընկերությունները փնտրտուքի մեջ են, թե ինչ ուղղությամբ է հնարավոր բեռներ հասցնել Իրան և հակառակը»,- ասել է Առաքելյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Հյուսիս-Հարավի որոշ հատված վճարովի դարձնելու առաջարկը վարչապետի հանձնարարությամբ են մշակել և մի քանի օր անց ամբողջական կզեկուցեն գործադիրի ղեկավարին:

Հարցին՝ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները կավարտե՞ն մինչ 2020 թվականը, ինչպես նախատեսել էին ի սկզբանե, փոխնախարարն պատասխանել է.

«Ժամանակին կավարտենք այն բոլոր հատվածները, որոնք նախատեսված են. ամեն ինչ կախված է ֆինանսներից, եթե միջոցներն այս պահի դրությամբ հասանելի լինեն ամբողջ հատվածի համար, մենք 2020-ին հնարավորություն ունենք ավարտել»:

Նոյեմբերի 19-ին Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարևանության ներդրումային գործիքով» ֆինանսավորվող 12 մլն եվրո դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով տրամադրվող միջոցները կօժանդակեն Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելուն։

2013 թվականին Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել է Հայաստանի կարևորագույն ավտոտրանսպորտային միջանցքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման համար 60 մլն եվրո վարկ տրամադրելու մասին պայմանագիր: