1 դեկտեմբերի 2016 - 12:29 AMT
Հասմիկ Պապյանը միացել է Ամուլսարի հանքի դադարեցման ստորագրահավաքին

Աշխարհռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը միացել է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցմանն ուղղված միջազգային առցանց ստորագրահավաքին։ Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում թողել է նաև հետևյալ գրառումը․

«Չափազանց մտահոգված եմ մեր հայրենի բնության ապագա ճակատագրով...պահանջում եմ անհապաղ դադարեցնե՛լ Ամուլսարի շահագործումը»։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունունը տեղեկացնում է, որ կարելի է մասնակից դառնանք այս գործընթացին՝ «ստորագրելով և տարածելով Հայաստանի քաղցրահամ ջրերը վտանգի տակ դնող այս ծրագրի կանխման պահանջագիրը»։

ՀԲՃ-ն նշում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 100%-ով պատկանում է Lydian International Limited բրիտանական օֆշորային ընկերությանը։ Չնայած Հայաստանի գրեթե բոլոր անկախ մասնագետների, բնապահպանական կազմակերպությունների, Ջերմուկի և Գնդեվազի բնակչության մեծ մասի բացասական կարծիքի՝ Հայաստանի կառավարությունը թույլ է տվել այս ծրագրի իրականացումը, որն անկառավարելի վտանգ է ոչ միայն Արփա և Որոտան գետերի ավազանների բնական միջավայրի, Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, այլ նաև տարածաշրջանի քաղցրահամ ջրերի գլխավոր շտեմարան համարվող Սևանա լճի համար։

Նախատեսվում է 10 տարվա ընթացքում տարեկան վերամշակել 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է խիստ թունավոր նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։