1 դեկտեմբերի 2016 - 13:23 AMT
Վարչապետի հանձնարարականը՝ դատախազին. Հանդիպել զոհված զինվորների հարազատներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 1-ի կառավարության նիստում հանձնարարական է տվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Նա հորդորել է նրան ուշադրություն դարձնել բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների բողոքի վրա՝ առաջարկելով հանդիպում կազմակերպել ծնողների հետ:

«Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները դիմել են ինձ՝ գրելով, որ վարչապետին հասցեագրված դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա այն, որ գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի:

Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնդիրները վերաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով հսկողությունն իրականացնում է Գլխավոր դատախազությունը: Մենք այդ գրությունները կփոխանցենք, որտեղ նաև նշված են բոլոր այդ ծնողների կոնտակտները»,- նշել է վարչապետը, գրում է Ա1+-ը:

Խաղաղ պայմաններում բանակում զոհված որդիների լուսանկարներով մայրերը պարբերաբար ակցիաներ են անցկացնում Կառավարության շենքի առաջ: Նրանք գործերի արդար քննություն են պահանջում: