Բարսելոնա, Լոնդոն, Բրյուսել. 2017-ին «Արմենիան» կընդլայնի դեպի Եվրոպա թռիչքները

Բարսելոնա, Լոնդոն, Բրյուսել. 2017-ին «Արմենիան» կընդլայնի դեպի Եվրոպա թռիչքները

PanARMENIAN.Net - 2017-ին «Արմենիա» ավիաընկերությունը ցանկանում է զարգացնել եվրոպական ուղղությունները՝ դեպի Բարսելոնա, Լոնդոն, Բրյուսել: Այս մասին դեկտեմբերի 1-ին լրագրողներ հետ հանդիպմանն ասել է «Արմենիա» ավիաըկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլին՝ ամփոփելով ավիաընկերության գործունեության մեկ տարին։

«Այս տարվա ընթացքում ունեցանք բազմաթիվ խնդրներ։ Օրինակ՝ պլաններ ունեինք թռիչքներ իրականացնել դեպի Թել Ավիվ, նույնիսկ արեցինք մի քանի թռիչք, որից հետո դրանք դադարեցվեցին, քանի որ թույլտվություն չստացանք»,- ասել է նա, մեջբերում է Aysor.am-ը:

Գաիաշվիլին ընդգծել է, որ ավիաընկերությունը գրեթե չի իրականացնում թռիչքներ դեպի Մոսկվա, որն ի սկզբանե առաջնահերթային էր ընկերության համար։

«Սրա պատճառն առկա անբարեխիղճ մրցակցությունն է»,- ասել է «Արմենիայի» հիմնադիր-նախագահը։

Ավիաընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը մանրամասնել է, որ անբարեխիղճ մրցակցության հարցը բազմիցս քննարկվել է ՀՀ կառավարության հետ.

«Մենք շատ ենք քննարկել հարցը Կառավարության հետ, որպեսզի բարեխիղճ մրցակցություն լինի հայաստանյան ու ռուսական ընկերությունների միջև։ Ես հասկանում եմ, որ ուղևորները ցանկանում են թռչել հնարավորինս էժան, սակայն ինքնարժեքից ցածր գներ առաջարկելն ուղղակիորեն դեմպինգ է։ Բոլոր ծառայությունները մեր ու ռուսական ընկերությունների համար զգալիորեն տարբերվում են՝ մեզ համար դրանք զգալիորեն թանկ են»,- ասել է Ռոբերտ Հովհաննիսյանը։

Նա ընգծել է, որ իրենց ավիաընկերությանը հաջողվել է Եվրոպայի ցանկացած երկիր թռչելու հնարավորություն ստանալ, ինչի շնորհիվ էլ գալիք տարում կակտիվանա եվրոպական ուղղությունը։

Ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ անցյալ տարվա դեկտեմբերի 18-ից Հայաստանում լիցենզիա ստանալուց հետո ավիաընկերությունն աշխատանքի է ընդունել 53 մարդու.

«Բացի այդ, այսօր մենք պատրաստում ենք 4 երիտասարդ օդաչուի, որոնք թռչում են մեր ինքնաթիռներով որպես ստաժորներ ու մեկ տարվա մեջ կդառնան լիարժեք օդաչուներ»:

«Արմենիան» մեկ տարեկան է դառնում դեկտեմբերի 18-ին։ «Արմենիա» ավիապարկն ունի երեք ինքնաթիռ՝ Boeing 737-500, Boeing 737-700 և Bombardier CRJ200, ավելի քան 60 աշխատակից՝ 16 ուղեկցորդ, հինգ օդաչու, գրասենյակային անձնակազմի 15 ներկայացուցիչ և այլն: Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմսեր), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Հովհաննիսյանը (25 տոկոս):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---