Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների 2017-2021թթ. ծրագիրը:
Կառավարության հիմնավորման համաձայն՝ միջոցառումների իրականացման արդյունքում էներգետիկ արժեքով հաշվարկված կենսականորեն կարևորագույն սննդամթերքի ինքնաբավության ներկայիս 60 տոկոս մակարդակի ցուցանիշն ակնկալվում է 2021թ. հասցնել 74-76 տոկոսի:
Բացի այդ, անհրաժեշտ նախադրյալներ կստեղծվեն երկրի պարենային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների փոխհամաձայնեցված և համակարգված իրականացման համար, տեղական արտադրության հաշվին կբարձրանա կարևորագույն սննդամթերքի նկատմամբ սպառողական պահանջարկի բավարարման մակարդակը, նախադրյալներ կստեղծվեն բնակչության կենսամակարդակի բարձրացման, աղքատության կրճատման, գյուղական համյնքների զարգացման համար:
Միջոցառումների ծրագրի ընդունումը նպատակաուղղված է ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգով նախանշված քաղաքականության դրույթների իրականացմանը:
Կառավարությունը հավանություն է տվել նաև բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակման և դրանցով նախատեսված գործողությունների ու միջոցառումների իրականացման արդյունքների մոնիթորինգի ընթացակարգերին: Հիմնավորման համաձայն, բնապահպանության ռազմավարական պլանավորումը ենթադրում է համակարգային վերլուծության մեթոդների կիրառում և ծրագրերի մշակում ողջ հանրապետության ու տարածաշրջանների կտրվածքով:
Գործադիրը հավանություն է տվել նաև ՀՀ-ում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգին, որը կնպաստի այդ գործընթացում միասնական մոտեցումների ձևավորմանն ու համակարգված քաղաքականության իրականացմանը:
Հայեցակարգով ներկայացվում են գյուղատնտեսության սուբսիդավորման գերակայությունները, դրանց իրականացման մոտեցումները, ակնկալվող արդյունքները:
Արդյունքում բարենպաստ պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսությունում տնտեսվարողների գործունեության համար, կբարձրանա ռեսուրսային ներուժի առավել նպատակային օգտագործումը, արտադրության մրցունակությունը, ինչն էլ կնպաստի երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը:
Դեռ 2015-ին գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանում, օրինակ՝ ցորենի ինքնաբավության մակարդակը հնարավոր է հասցնել 65-70%-ի:2010-ին ցորենի ինքնաբավության մակարդակը 32% էր, 2015-ին գրանցվել էր 50% ինքնաբավության շեմը: