Թրամփն ԱՄՆ ՊՆ ղեկավարի պաշտոնում կնշանակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսին

Թրամփն ԱՄՆ ՊՆ ղեկավարի պաշտոնում կնշանակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակի ծովային հետևակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսին, հայտնում է Ինտերֆաքսը The Washington Post-ի վրա հղումով:

Ըստ պարբերականի, հավանաբար, այդ մասին կհայտարարվի գալիք շաբաթվա սկզբին: Ջեյսմ Մեթիսը համարվում էր ԱՄՆ պաշտպանության նախարարի ամենահավանական թեկնածուն:

Գեներալն ու Թրամփը հանդիպել են նոյեմբերի 17-ին, որից հետո Թրամփը հայտարարել է, որ Մեթիսը «փայլուն, հիանալի մարդ է»: Մեթիսը ծառայել է Պարսից ծոցում, Աֆղանստանում և Իրաքում, արժանացել է «Կատաղի շուն» մականվանը իսլամիստ ծայրահեղականների հանդեպ անողոք վերաբերմունքի համար:

Նախարարների թեկնածությունները պետք է հաստատվեն Սենատում: Սակայն, Մեթիսի դեպքում հարկավոր է Կոնգրեսի Վերին պալատի լրացուցիչ թույլտվությունը: Պարբերականը դա բացատրում է նրանով, որ ԱՄՆ-ում օրենք կա, որով ՊՆ ղեկավար կարող է նշանակվել միայն այն անձը, որը 7 տարի է չի ծառայում: Մեթիսը հեռացել է պաշտոնից 2013-ին:

Մինչդեռ Թրամփի անցումային թիմի շտաբը չի հաստատել տեղեկությունը: «ՊՆ ղեկավարի վերաբերյալ որոշում չի կայացվել»,-գրել է Twitter-ում թիմի ներկայացուցիչը:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---