ԵՄ-ն մինչև 7 մլն եվրո կտրամադրի ՀՀ-ում ընտրական բարեփոխումներին

ԵՄ-ն մինչև 7 մլն եվրո կտրամադրի ՀՀ-ում ընտրական բարեփոխումներին

PanARMENIAN.Net - ԵՄ-ն մինչև 7 մլն եվրո կտրամադրի ՀՀ-ում ընտրական բարեփոխումների իրականացման համար: Այս մասին ասված է Եվրոպական միության պատվիրակության՝ ԵՄ անդամ պետությունների Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ տարածված հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի և Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ` Եվրոպական միությունը դրական է արձագանքել ընտրական բարեփոխումների փաթեթի իրականացմանը ֆինանսական օժանդակություն տրամադրելու ՀՀ կառավարության խնդրանքին: Նշվում է, որ Եվրոպական միության կողմից տրամադրվող մինչև 7մլն եվրո ֆինանսավորմամբ կլրացվի ֆինանսական ճեղքվածքը՝ թույլ տալով սահուն կերպով իրականացնել ընտրական բարեփոխումների շուրջ ձեռք բերված համաձայնությունը:

Սրանում ներառված է նաև աջակցություն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրականացմանը: Գերմանիայի և Միացյալ Թագավորության կողմից տրամադրվող ֆինանսավորման հետ միասին, եվրոպական աջակցությունը կկազմի ընտրական գործընթացների համար տրվող ֆինանսական ընդհանուր օժանդակության 90 տոկոսը:

Միացյալ Նահանգները խոստացել է ֆինանսավորել կոնկրետ միջոցառումներ, որոնք նախատեսված են բարելավելու վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ և օգնելու կանխել ընտրակեղծիքները 2017-ի հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Եվրոպական միությունը խիստ կարևորում է ընտրական գործընթացների թափանցիկությունը, ամբողջականությունը, համընդգրկունությունն ու արդյունավետությունը: Ուստի, ԵՄ-ն շարունակելու է աջակցել շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերին՝ ապահովելու ընտրական գործընթացների լիարժեք համապատասխանությունը միջազգային չափանիշներին, ներառյալ վարչական ռեսուրսների կիրառման արգելում և ընտրությունների հետ կապված կոռուպցիոն դրսևորումների բացառում, ինչպես նաև դիտորդների և ԶԼՄ-ների անխափան աշխատանքի երաշխավորում:

«Իշխող կոալիցիայի և ընդդիմադիր կուսակցությունների միջև ընտրական բարեփոխումների ուղղությամբ ձեռք բերված համաձայնության իրականացման կարևոր առաջին քայլերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած խորհրդակցությունների՝ ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը ջանք չի խնայի նշյալ բարեփոխումները կյանքի կոչելու համար: Բարձր ենք գնահատում իշխանությունների հանձնառությունը՝ ապահովել բաց և ազատ մրցակցության հնարավորություն:

Ակնկալում ենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ մարմինների և դատական համակարգի կողմից կգործադրվեն առավելագույն ջանքեր այս խոստումը կատարելու համար: Արդար ընտրական գործընթացի ապահովման հիմնական նախադրյալ ենք համարում քաղաքական կամքի առկայությունը», - ասված է ԵՄ հայտարարությունում:

Ընդգծվում է, որ գալիք ընտրությունների ազատ և արդար լինելու ապահովումը վճռորոշ կլինի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և Եվրոպական միության հետ հետագա հարաբերությունների առումով: ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում շարունակել աջակցել Հայաստանին դեպի ժողովրդավարություն իր ճանապարհի ընթացքում՝ ԵՄ-Հայաստան ապագա համաձայնագրի ու Արևելյան գործընկերության ավելի ընդլայնված շրջանակներում:

2017-ի ապրիլին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են նախանշված:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---