Էրդողան. Սիրիայում Թուրքիայի նպատակը միայն ահաբեկչական կազմակերպություններն են

Էրդողան. Սիրիայում Թուրքիայի նպատակը միայն ահաբեկչական կազմակերպություններն են

PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ԶՈւ գործողության թիրախում միայն ահաբեկչական կազմակերպություններն են, ոչ թե ինչ-որ երկիր կամ մարդ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեեջփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը Սիրիա է մտել Ասադին տապալելու համար:

«Եփրատի վահանը» գործողության նպատակը ոչ թե ինչ-որ երկիր է կամ անձ, այլ միայն ահաբեկչական կազմակերպությունները: Եվ թող ոչ ոք ոչ մի բան չկասկածի: Թուրքիան կշարունակի պայքարել ահաբեկչության դեմ, նույնիսկ եթե միայնակ մնա: Այդ ուղղությամբ մենք խոչընդոտների ենք հանդիպում միայն Արևմուտքի կողմից: Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում և Իրաքում մտահոգում է Արևմուտքին, սա չի տեղավորվում տիրելու նրանց հավակնությունների մեջ: Սիրիայի և Իրաքի ապագան նրանց չի հուզում: Այնտեղ նավթ կա, դրա համար էլ նրանք այնտեղ են»,-հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Անկարայում գյուղական իշխանությունների ղեկավարների առջև:

Նոյեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակը», թուրքական ԶՈւ աջակցությամբ Էլ Բաբ քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո, հարձակման կանցնի Մանբիջ քաղաքի ուղղությամբ:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---