Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականությունը հաստատվել է

Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականությունը հաստատվել է

PanARMENIAN.Net - Կառավարությունում տեղի ունեցած ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստում խորհուրդը քննարկել և հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության նախագծին:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նշել է, որ ռազմավարության նպատակն է պետության աջակցությամբ գիտատեխնիկական և արտադրատեխնոլոգիական ներուժի վերածումը նորարարական գործուն միջոցի, որը կնպաստի ռազմական արդյունաբերական համալիրի կազմակերպությունների արտադրանքի մրցունակության ապահովմանն ու արտահանման կազմակերպմանը:

Փախչանյանն ընդգծել է, որ փաստաթուղթը մշակվել է ՀՀ անկախության տարիների ընթացքում ձեռք բերված փորձի, ինչպես նաև ապրիլյան դեպքերի վերլուծության հիման վրա: Նա նշել է նաև, որ դրա նպատակն է խթանել ռազմական արդյունաբերության զարգացումը, խրախուսել նորագույն տեխնոլոգիաների ներմուծումն ու մշակումը, և դրանց հիման վրա զարգացնել հարակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև կազմակերպել տեղական արտադրություններ:

Ռազմավարության նպատակներից է ռազմատեխնիկական քաղաքականության ուղղություններով պետական, ինչպես նաև ոչ պետական բաժնեմասերով հոլդիգների, կոնցեռնների ձևավորումը՝ նրանցում պարտադիր ստեղծելով կամ ընդգրկելով համապատասխան գիտահետազոտական կառույց: Փաստաթղթի հիմնական խնդիրն է ռազմատեխնիկական քաղաքականության զարգացման գերակա ուղղությունների իրականացման նպատակով գիտաարտադրական պաշարով գիտատեխնիկական համալիրի ստեղծումը, որը գիտահետազոտական զարգացման և ռազմագիտահետազոտական ինստիտուտի կանխատեսումների հիման վրա կմշակի և կիրականացնի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման երկարաժամկետ պլանավորում՝ նորարարական աշխատանքների համար:

Դավիթ Փախչանյանի խոսքով՝ ազգ-բանակ բանաձևն ընդունելով որպես նպատակ, անհրաժեշտ է վերանայել ՀՀ կրթական գործընթացը՝ դպրոց-բուհ-արտադրություն-գիտություն կապը վերածելով այն գիտակրթական համալիրի, որը կնպաստի կադրերի ապահովմանը:

Ներկայացված փաստաթուղթըքննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, շահագրգիռ գերատեսչություններում, ռազմական պատվեր կատարող կազմակերպություններում, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը և ռազմատեխնիկական քաղաքականությանը վերաբերող այլ հարցերի ևս:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---