«Փոքր Մհեր» կրթահամալիրում արմատական փոփոխություններ կիրականացվեն

«Փոքր Մհեր» կրթահամալիրում արմատական փոփոխություններ կիրականացվեն

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին հրավիրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել են կրթահամալիրում սատեղծված իրավիճակի վերաբերյալ ԿԳՆ կատարած ուսումնասիրությունն ու առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցեր: Նիստին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, կառավարման խորհրդի անդամներն ու ԿԳՆ համապատասխան ոլորտի պատասխանատուները և կրթահամալիրի տնօրենը:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի խորհրդական Գևորգ Մալխասյանն է, խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության, ՀՀ ԿԳՆ, ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալները, ՀՀ ոստիկանապետի տեղակալը, կրթահամալիրի ծնողական խորհրդի նախագահը:

Քննարկելով «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակն ու առաջացած խնդիրները՝ խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ԿԳՆ-ին՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրում ծառայողական քննություն նշանակելու առաջարկով: Արտահերթ նիստում որոշվել է ՀՀ ԿԳՆ և ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից կազմված հանձնախումբ ձևավորել, որը կրթահամալիրում մշտական դիտարկում և վերահսկողություն կիրականցնի: ՀՀ ԿԳՆ-ի կողմից այդ աշխատանքերը կհամակարգի աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը:

«Փոքր Մհեր» կրթահամալիրում իրավիճակը կայունացնելու և կրթական գործընթացը վերականգնելու նպատակով վերահսկման պարտականությունը ժամանակավորապես դրվել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանի վրա:

Արտահերթ նիստի ժամանակ որոշվել է նաև փոխել «Փոքր Մհեր» կրթահամալիրի կանոնադրությունը, խորհրդի կազմը և կառավարման ձևը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների և սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել էր հարցի քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:

Այցի ընթացքում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ: Կրթահամալիրի սաները առանձնազրույցների ընթացքում պնդել են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքը, որ հնչել է նաև հրապարակայնորեն: Բացահայտվել են նաև խնդիրներ, որոնք վերաբերում են կրթահամալիրի գործունեությունը կարգավորող ակտերին, ինչպես նաև այդ հաստատությունում սովորողների նկատմամբ ներգործության միջոցներին ու դրանց կիրառության պրակտիկային:

Ընթերցեք նաև. ՄԻՊ. «Փոքր Մհեր» կրթահամալիրում խնդիրներ են բացահայտվել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---