5 դեկտեմբերի 2016 - 11:07 AMT
Թրամփը հակադարձել է Թայվանի հարցով Պեկինի քննադատությանը

Չինաստանն անհավասար պայմաններ է ստեղծում երկրում ամերիկյան ընկերությունների համար և ռազմակայաններ է կառուցում Հարավչինական ծովում` չխորհրդակցելով Վաշինգտոնի հետ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Թայվանի առաջնորդի հետ հեռախոսազրույցից 2 օր անց, ինչին Պեկինը պաշտոնապես բողոք էր հայտնել:

«Իսկ Չինաստանը մեզ հարցրե՞լ է` կարելի՞ է արժեզրկել իր արժույթը (բարդացնելով մրցակցության պայմանները ԱՄՆ ընկերությունների համար), բարձր հարկեր գանձել ամերիկյան ապրանքներից, կամ մեծ ռազմակայան կառուցել Հարավչինական ծովի մեջտեղում: Չեմ կարծում»,-գրել է Թրամփը:

Թրամփի հեռախոսազրույցը Թայվանի առաջնորդ Ցայ Ինվենի հետ կայացել է դեկտեմբերի 2-ին և տևել է 10 րոպե: Սա ԱՄՆ նախագահի առաջին հեռախոսազրույցն է Թայվանի առաջնորդի հետ վերջին 30 տարում:

Չինաստանը չի ճանաչում Թայվանի անկախությունը և բողոք է հայտնել` հիշեցնելով, որ աշխարհում «միայն մեկ Չինաստան» գոյություն ունի, և զգուշացրել է անհարկի բարդություններից ԱՄՆ հետ հարաբերություններում Թայվանի շուրջ անզգույշ գործողությունների պատճառով:

Թրամփի գործողությունները խստորեն դատապարտել էր չինական China Daily-ին, որն իր խմբագրական հոդվածում գրել է, թե դա Թրամփի քաղաքական անփորձության հետևանքն է միջազգայիյն քաղաքականության ոլորտում: Դրան հաջորդել է Թրամփի պարզաբանումը, թե Թայվանի առաջնորդն ընդամենը հեռաձայնել էր իրեն շնորհավորելու համար, ինքն էլ շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար: