28 հունիսի 2007 - 14:50 AMT
ԼՂՀ ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնել ԵԱՀԿ-ին ադրբեջանական կողմից սահմանամերձ տարածքների հրկիզումների կապակցությամբ
Հունիսի 27-ին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը նոտա է հանձնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, որում մտահոգություն է հայտնել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով ադրբեջանական կողմից հաճախակի դարձած հրդեհումների կապակցությամբ:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ անցած տարի ԼՂՀ սահմանամերձ տարածքներում բռնկված հրդեհները վնաս են հասցրել հանրապետության էկոնոմիկային ու շրջակա միջավայրին, վտանգել մարդկանց առողջությունն ու անվտանգությունը, ԼՂՀ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով ճգնաժամ-դիտարկումներ անցկացնել սահմանամերձ գոտում:

ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ժամանակին միջամտությունը հնարավորություն կտա կանխարգելել անցած տարվա իրավիճակը, ինչն Ադրբեջանի իշխանությունների կողմից շահարկվել է, մասնավորապես, քարոզչական նպատակներով եւ դարձել խաղաղ գործընթացը ապակայունացնող եւս մեկ գործոն: