Ռուդոլֆ Փերինան Ղարաբաղի բարդագույն խնդիրների լուծմանը ստեղծագործական մոտեցման կողմնակից է

PanARMENIAN.Net - «Հավանաբար, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանս Մարշալի հետնորդի ընտրության եւ նշանակման հետ կապված նրբանկատ իրավիճակը ստիպել է Պետդեպարտամենտին ժամանակավորապես ընդգրկել փորձառու դիվանագետ Ռուդոլֆ Փերինային, որը լավ գիտի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, քանի որ եղել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը 2001-2004 թվականներին»,-PanARMENIAN.Net ին է հայտարարել ԵԱՀԿ ՄԽ-ի 90-ականների կեսերին ռուսաստանցի համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Ռուս դիվանագետի խոսքերով, Փերինային գործի են դնում, չնայած նրան, որ նա արդեն գրեթե երկու տարի է, ինչ պաշտոնաթող է եղել, իսկ համանախագահում է մեկ այլ ամերիկացի դիվանագետ: «Անձամբ ես չեմ աշխատել Ռուդոլֆ Փերինայի հետ, սակայն մենք հանդիպել ենք նրա նախաձեռնությամբ, զրուցել ենք ղարաբաղյան գործերի շուրջ: Ես այնպիսի տպավորություն եմ ստացել, որ նա ոչ միայն բարձր մակարդակի պրոֆեսիոնալ է, այլ նաեւ Ղարաբաղի բարդագույն խնդիրների լուծմանը ստեղծագործական մոտեցման կողմնակից: Որքան հիշում եմ, նա եղել է այդ հակամարտության կարգավորման էապես կարեւոր շրջադարձի նախաձեռնողներից մեկը: Կարծում եմ, որ նրա գաղափարները գործընթացում ներառելու ուղղությամբ շարունակում են աշխատել նաեւ ԵԱՀԿ ՄԽ ներկայիս համանախագահները»,-ասել է Կազիմիրովը:



Ռուս դիվանագետը նշել է նաեւ, որ ամեն ինչ չէ, որ կախված է այս կամ այն անձից: «Կարեւոր են նաեւ այն հրահանգները, որ նրանք ստանում են իրենց մայրաքաղաքներից, թեեւ ստեղծագործ անձինք չեն սահմանափակվում ստացված հրահանգների կատարմամբ: Տվյալ դեպքում այնքան էլ պարզ չէ, թե որքան ժամանակ Ռ.Փերինան կկատարի նոր դերը, սպասելով Էվանսի հետնորդի հավատարմագրմանը: Եթե Երեւանում ԱՄՆ դեսպանատան գործերը միանգամայն նորմալ ընթանային, հարկ չէր լինի նման ոչ ստանդարտ որոշման դիմել մեկ-երկու ամսվա համար: Անշուշտ, սա զուտ իմ անձնական կարծիքն է»,-ընդգծել է Վ.Կազիմիրովը:





Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ից նախկին համանախագահ Ռուդոլֆ Փերինան, որն իր պարտականությունների կատարմանը կանցնի հուլիսի 10-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---