30 հունիսի 2007 - 17:01 AMT
Էլիֆ Շաֆակը, որին դատում էին «թուրքական ինքնության ոտնահարման» համար, ստացել է Մտքի եւ խոսքի ազատության մրցանակ
Թուրքիայի հրատարակիչների միությունը (ԹՀՄ) հունիսի 28-ին թուրք գրող, աղմկահարույց «Հայրն ու ապօրինի որդին» գրքի հեղինակ Էլիֆ Շաֆակին է հանձնել Մտքի եւ խոսքի ազատության մրցանակը: Ժամանակին այդ գիրքը պատճառ հանդիսացավ, որ նրան դատեն «թուրքական ինքնության ոտնահարման» համար: Ելույթ ունենալով մրցանակի հանձնման արարողությանը` Շաֆակը հայտարարել է, թե մրցանակը չափազանց կարեւոր է նրա համար, քանի որ նոր ուժ է հաղորդում:

Բացի այդ, Թուրքիայի հրատարակիչների միությունը (ԹՀՄ) զեկույց է հրապարակել, ըստ որի 2006 թվականը ամենաբացասական տարին դարձավ Թուրքիայում խոսքի ազատության առումով: Զեկույցում նշվում է, որ 2006-2007 թվականներին դատավարություններ են անց կացվել 43 գրողների եւ 24 հրատարակիչների հանդեպ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր, թուրքական ծագում ունեցող գրող տիկին Էլիֆ Շաֆակին մեղադրանք է ներկայացվել «թուրք ժողովրդի արժանապատվությունը վիրավորելու մեջ»: Մինչեւ երեք տարի բանտարկություն նախատեսող Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով հետպնդվելու առիթ է հանդիսացել «Հայրն ու ապօրինի որդին» վեպը: 35-ամյա գրողի վեպում խոսվում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ստամբուլի գերագույն դատարանը հանցավորության կազմ չի հայտնաբերել գրող եւ «Զաման» թերթի մեկնաբան Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ապօրինի որդին» գրքում: Հանցանշանների անբավարարության եւ հանցավորության կազմի բացակայության պատճառով, Շաֆակի դեմ հարուցված գործը կարճվել է: