2 հուլիսի 2007 - 14:11 AMT
ԼՂՀ-ում ձերբակալվել է ղարաբաղյան կողմն անցած Ադրբեջանի մի քաղաքացի
Հունիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղության վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների կողմից կալանվել է Ադրբեջանի քաղաքացի: Ինչպես ասվում է Լեռնային Ղարաբաղի Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ, ադրբեջանցին անձը հաստատող փաստաթղթեր չուներ: Նրա վկայությամբ, անունը Գուլիեւ Սամանդար Նամազ օղլի է, ծնվել է 1972 թվականին, Շուշի քաղաքում, Աղդամի շրջանի Ուչ Օղլան գյուղի բնակիչ է:
ԼՂՀ համապատասխան մարմինները պարզում են ադրբեջանցու` ղարաբաղյան կողմ անցնելու դրդապատճառները: Կատարվածի մասին Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը իրազեկել է Լեռնային Ղարաբաղում հավատարմագրված ԵԱՀԿ եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակներին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: