3 հուլիսի 2007 - 19:08 AMT
Բուշը ողջունում է Պուտինի առաջարկությունը, սակայն Եվրոպայում ՀՀՊ տեղակայելու ծրագրերից մտադիր չէ հրաժարվել
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը Ջորջ Բուշի կալվածքում Քենեբանկպորտում (նահանգ Մեն) Վլադիմիր Պուտինը առաջարկել է ընդլայնել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության հարցով խորհրդատվությունների մասնակիցների թվաքանակը: Ռուս առաջնորդը առաջարկել է ընդլայնել խորհրդատվություններում ներգրավված կողմերի թվաքանակը` «եվրոպական պետությունների հաշվին, եւ դա պետք է անել Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի մակարդակով»: Պուտինը նաեւ հիշեցրել է Բուշին «մի քանի տարի առաջ հաստատված» Մոսկվայում եւ Եվրոպայի քաղաքներից մեկում հրթիռների արձակման մասին տեղեկատվության փոխանակման կենտրոն ստեղծելու պայմանավորվածությունը:

«Նմանատիպ կենտրոն կարող է ստեղծվել եվրոպական մայրաքաղաքներից մեկում, մասնավորապես` Բրյուսելում, եւ դա կլիներ փակ համակարգ, որը աշխատում է իրական ժամանակի ռեժիմում»,- ասել է Պուտինը: Ընդ որում, նա առաջարկել է ԱՄՆ-ի հետ համատեղ օգտագործել ոչ միայն Գաբալայի ՌՏԿ-ն, այլեւ Ռուսաստանի հարավում ստեղծվող հրթիռների արձակման կանխման կայանները: «Այդ դեպքում որեւէ անհրաժեշտություն չի լինի ռադիոտեղորոշիչներ կառուցել Չեխիայում եւ միջուկային խմբավորումներ Լեհաստանում»,- համոզմունք է հայտնել Պուտինը:

Բուշը ողջունել է ռուս գործընկերոջ առաջարկությունը «հակահրթիռային պաշտպանության տարածաշրջանային համակարգ ստեղծելու» մասին, սակայն միեւնույն ժամանակ հայտարարել է, որ Եվրոպայում սեփական ՀՀՊ տեղակայելու ծրագրերից ԱՄՆ-ն մտադիր չեն հրաժարվել:

Երկու երկրների նախագահները նաեւ քննարկել են իրանական միջուկային խնդիրը: «Մենք մոտ ենք նրան, որպեսզի Իրանին համատեղ ուղերձ հղենք»,- հայտարարել է Ջորջ Բուշը: Երկու պետությունների առաջնորդների համատեղ մամլո-ասուլիսի ժամանակ Բուշն ասել է Պուտինի մասին. «Երբեմն նա ասում է այն, ինչ ես չէի ցանկանա լսել: Սակայն ես գիտեմ, որ նա միշտ ճշմարտությունն է ասում»: ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ նույնիսկ Վլադիմիր Պուտինի հետ լուրջ տարաձայնությունների դեպքում նրանք չեն դադարում միմյանց նկատմամբ խորը հարգանք դրսեւորել, հաղորդում է Lenta-ru-ն: