Ամիրյան. Պատմամշակութային շենքերի ցանկը համալրվում է

Ամիրյան. Պատմամշակութային շենքերի ցանկը համալրվում է

PanARMENIAN.Net - Պատմամշակութային շենքերի պահպանման մասով օրենքը նախկինում ունեցել է անկատարություն: Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` պատասխանելով «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում ֆեյսբուքյան օգտատերի հարցին, հայտնում է Aysor.am-ը:

«Մինչև վերջերս օրենքի բացակայություն կար կամ անկատարություն. մենք փորձել ենք օրենսդրական դաշտով այն կարգավորել: Հիմա ներառում ենք պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկի մեջ այն շենքերը, որոնք դուրս էին մնացել այդ ցանկից: Ես համոզված եմ, որ դրանք ներառելով այդ ցանկի մեջ և օրենքի բավարար խստության և հետևողականության շնորհիվ՝ մենք կկարողանանք պահպանել և պաշտպանել այդ շենքերը», - նշել է նախարարը:

Նա նաև հավելել է, որ օրենքը գործելու է ոչ միայն Երևանում, այլ հանրապետության բոլոր այն մարզերում, որտեղ հնարավորություն կա դեռ պահպանել պատմամշակութային շենքերը:

Հոկտեմբերի 27-ին պայթեցվել է Երևանի Վարդանանց-Հանրապետության խաչմերուկում գտնվող նախկին 1-ին տպարանի շենքի Բ մասնաշենքը: Տպարանի շենքը «Աստորիա ինվեստ» փակ բաժնետիրական ընկերությանն է պատկանում: Մի քանի ամիս առաջ Գենիկ Կարապետյանը գնել է բաժնետոմսերի մեծ մասը, և որոշել է այստեղ հյուրանոց կառուցել: Շենքը կառուցվել էր 1920-30-ական թվականներին:

Ավելի վաղ Արմեն Ամիրյանը հայտարարել էր, որ մշակույթի նախարարությունն օրինագիծ է մշակում, որով 100 և ավելի տարվա պատմություն ունեցող բոլոր շինությունները կճանաչվեն պատմամշակութային հուշարձաններ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---