14 դեկտեմբերի 2016 - 16:12 AMT
Ռուսաստանում մտադիր են «գրին քարտի» նման խաղարկություն ներմուծել

ՌԴ Լենինգրադյան շրջանի օրենսդիր ժողովը օրինագիծ է պատրաստել, որով առաջարկվում է օտարերկրացիներին Ռուսաստանում բնակության իրավունք տրամադրել հատուկ խաղարկության արդյունքների հիման վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ըստ օրինագծի, ՌԴ-ում բնակության իրավունք կարող է տրամադրվել օտարերկրացիներին, որոնք էլեկտրոնային խաղարկության հաղթող կճանաչվեն` պատահական ընտրության սկզբունքով»,-ասվում է բացատրական գրության մեջ:

Ըստ հեղինակների, խաղարկությանը կկարողանան մասնակցել միայն հատուկ ցանկում ընդգրկված երկրների քաղաքացիները, որը կհաստատվի դաշնային կառավարության կողմից: Մասնակիցները պետք է լինեն 18 տարեկանից բարձր և առնվազն միջնակարգ կրթություն ունենան: Հեղինակները կարծում են, որ ցանկում կարող են ընդգրկվել արտագաղթի ցածր ցուցանիշով երկրները:

Նմանատիպ խաղարկություն գոյություն ունի ԱՄՆ-ում` «գրին քարտը»: Խաղարկության նպատակներից մեկն է խթանել ներգաղթն ԱՄՆ:

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Ուիլյամ Սթիվենսը հայտարարել էր, որ ՌԴ ավելի քան 330.000 քաղաքացի է դիմել «գրին քարտի» համար 2016-ին: