6 հուլիսի 2007 - 15:03 AMT
Թուրքիան չի բացում Հայաստանի հետ սահմանը Ադրբեջանի կյանքը չբարդացնելու համար
Հայաստանի ու Թուրքիայի միջեւ արդեն 16 տարի է որեւէ հարաբերություն չկա, չնայած որ Թուրքիան առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թվականին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը Ռուս-Հայկական (Սլավոնական)համալսարանում կարդացած դասախոսության ժամանակ: «Թուրքիան մինչեւ հիմա Հայաստանի առաջ նախապայմաններ է դնում, առանց որոնց կատարման մտադիր չէ բարելավել հարաբերությունները: Առաջինն ու ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Թուրքական կողմը գտնում է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տարածքներ վերադարձնի, որոնք կազմում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտին, եւ միայն դրանից հետո է հնարավոր բացել Հայաստանի հետ սահմանը: Սակայն Անկարայում մոռանում են, որ Թուրքիան հանդիսանում է ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի անդամ եւ պարտավոր է հավասար հարաբերություններ պահպանել տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ իր պահվածքով աջակցել խաղաղության պահպանմանը եւ տնտեսական համագործակցությանը»,- նշել է Կիրակոսյանը: Նրա կարծիքով, եթե հայ-թուրքական սահմանը բաց լինի, ապա Հայաստանի տնտեսությունը կզարգանա: Այդ դեպքում, Կիրակոսյանի կարծիքով, Ադրբեջանին դժվար կլինի բանակցություններ վարել Հայաստանի հետ:

Երկրորդ նախապայմանը, ՀՀ ԱԳ փոխնախարարի կարծիքով, հանդիսանում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը: «Հայաստանը իրավունք չունի հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, քանի որ դա պատմական փաստ է: Ցեղասպանության արդյունքում ազգության 2/3-ը սփյուռքում է ապրում: Մենք բազմաթիվ անգամներ ընդգծել ենք, որ մենք նախապայմաններ չենք դնում եւ պատրաստ ենք Թուրքիայի հետ համաձայնգիր կնքել նույնիսկ վաղը»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, Արման Կիրակոսյանը նշել է, որ վերջին տարիներին շփումներ են կատարվել արտգործնախարարների մակարդակով եւ հիշեցրել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նամակի մասին Ցեղասպանության հետազոտության համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկով: «Հայաստանի նախագահը առաջարկել է քաղաքական հարցերը չլուծել պատմաբանների միջոցով, այլ միջկառավարական հանձնախումբ ստեղծել, որը կզբաղվի հայ-թուրքական հարաբերությունների ողջ սպեկտրով: Թուրքական կողմից դեռեւս պատասխան չկա: Սակայն ոչ պաշտոնական մակարդակով մենք շփումներ ունենք: Առեւտրային բալանս գոյություն ունի մոտ $100 մլն-ի չափով, 4 չվերթ դեպի Ստամբուլ` երկու թուրքական եւ երկու հայկական, ավտոբուսային երթեւեկություններ»,- նշել է Կիրակոսյանը: Այնուամենայնիվ, ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել է, որ փակ սահմանը վատ է անդրադառնում տարածաշրջանի վրա, եւ Հայաստանը տարեկան կորցնում է մոտ $300-400 մլն. այն պատճառով, որ թուրքական ապրանքները մեզ են հասնում երրորդ երկրի, մասնավորապես Վրաստանի տարածքով: