London Chess Classic. Արոնյանը պարտվել է, 6 տուրից հետո կիսում է 4-8 տեղերը

London Chess Classic. Արոնյանը պարտվել է, 6 տուրից հետո կիսում է 4-8 տեղերը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին տեղի են ունեցել London Chess Classic մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները: Այս տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցն էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Սպիտակներով խաղացող ֆրանսիացի գրոսմայստերը պարտիայի 22-րդ քայլում կատարել է որակի զոհաբերություն, որի դիմաց նախաձեռնությունն անցել է նրա կողմը: Հետագայում Վաշիե-Լագրավը կարողացել է զարգացնել իր առավելությունը և պարտիայի 41-րդ քայլին Արոնյանը հանձնվել է, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն հաղթել է Վեսելին Տապոլովին: 6-րդ տուրը հաղթական էր նաև Ֆաբիանո Կարուանայի համար, նա հաղթել է իր համերկրացի Հիկարու Նակամուրային: Վիշվանաթան Անանդ – Անիշ Գիրի և Վլադիմիր Կրամնիկ -Մայքլ Ադամս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով:

Մրցաշարային աղյուսակը 6-րդ տուրից հետո գլխավորում է Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան երկրորդ տեղում է, Վլադիմիր Կրամնիկը՝ 3-րդ, իսկ Արոնյանը կիսում է 4-8-րդ տեղերը:

7-րդ տուրի զույգեր՝ Արոնյան – Անանդ, Գիրի – Թոփալով, Ուեսլի Սո – Կրամնիկ, Ադամս– Կարուանա, Նակամուրա – Վաշիե-Լագրավ:

Մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է անգլիացի Մայքլ Ադամսին: Արոնյանը կարողացել է օգտվել 33-րդ քայլին Ադամսի թույլ տված կոպիտ սխալից: Արդյունքում մրցակիցն իր պարտությունն ընդունել է 41-րդ քայլում: London Chess Classic-ի երկրորդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի հետ: Մրցակիցները կիսել են միավորը մրցախաղի 31-րդ քայլից հետո:

Երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Մրցակիցները համաձայնության են եկել 29-րդ քայլում: Չորրորդ տուրում Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ: Սպիտակներով խաղացող Կարուանան չի կարողացել որևէ սկզբնախաղային առավելության ստանալ, և պարտիայի 31-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:

Մրցաշարի 5-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցներն էր Անիշ Գիրին: Պարտիայի սկզբնախաղում տեղի ունեցան մի շարք փոխանակումներ, և 20-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ ոքի արդյունքի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---