16 դեկտեմբերի 2016 - 12:53 AMT
ԱԺ-ն մի շարք օրենքներ է ընդունել, այդ թվում՝ ոստիկանության, հարկերի ու պետգնումների մասին

Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Նախքան քվեարկությունը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ճշտող հարց է տվել՝ նշելով, որ դրա պատասխանից է կախված իրենց քվեարկությունը:

«Օրենքների արագ բերելու արդյունքում երբեմն չենք հասցնում տեղեկանալ ամբողջական ինֆորմացիային: Մամուլում հրապարակումներ եղան, ես էլ ուզում եմ ճշտել՝ այս օերնքի համաձայն Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի վարչական ծախսերը դառնո՞ւմ են պետական գաղտնիք և այլևս չեն լինելո՞ւ թափանցիկ»,- հարցրել է Մանուկյանը, գրում է Panorama.am-ը:

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պարզաբանել է, որ օրենքը վերաբերում է արարողակարգի գնումներին, ոչ թե հաշվետվություններին:

«Խոսքը վերաբերում է արարողակարգի գնումներին, զուտ արարողակարգի, որ ռեստորանում պետք է հաց ուտեն այդ երեք մարմինների ղեկավարները, փակ է լինելու»,- ամանրամասնել է նա:

Նախագիծն ընդունվել է 77 կողմ, 22 ձեռնպահ, 2 դեմ հարաբերակցությամբ:

Դեկտեմբերի 15-ին նախագծի ներկայացման ժամանակ հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ նառաջարկներից մեկով նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառել նաև պետական երեք պաշտոնի՝ ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը. «Այս առաջարակի մասով ևս մեկ անգամ նայեցինք միջազգային փորձը: Սա անվտանգության կարևորագույն նորմ է: Կարծում ենք, որ ճիշտ է, որ այդ ծախսերը, որոնք կապված են այս երեք գլխավոր պաշտոնների բնականոն աշխատանքի ապահովման համար, դիտենք որպես պետական գաղտնիք պարունակող գնումներ»:

Բացի այդ, Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է գործունեության կոնկրետ սահմանված տեսակներով ինքնազբաղված անձանց ազատել հարկումից:

ԱԺ-ն 90 կողմ, 1 դեմ, 9 ձեռնպահ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է նաև «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

80 կողմ, 1 դեմ, 18 ձեռնպահ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Պետական կենսաթոշակների մասին» օրինագիծը:

Երկրորդ և ամբողջական ընթերցմամբ 100 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Բացի այդ, ԱԺ-ն ընդունել է «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքը, «ԴԱՀԿ-ի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքների նախագծերի փաթեթը, Քրեական օրենսգրքում և քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծը: