Ծրագրավորման ժամ 2016. Կոդավորումից մինչև կիբերանվտանգություն

Ծրագրավորման ժամ 2016. Կոդավորումից մինչև կիբերանվտանգություն

PanARMENIAN.Net - «Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ` «Այբ» ավագ դպրոցում տեղի է ունեցել «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը: Միջոցառման գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Հայաստանում արդեն 3-րդ անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է նոր տեխնոլոգիաներով և ծրագրավորմամբ հետաքրքրված բոլոր մարդկանց՝ անկախ տարիքից, սովորեցնել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, զարգացնել տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները: Եվ այս ամենը մասնակիցները սովորում են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում:

Այս տարի միջոցառմանը զուգահեռ անցկացվել են նաև վարպետության դասեր՝ ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների կողմից: Նրանք սովորեցրել են մասնակիցներին, թե ինչպես ստեղծել մեծ համակարգեր, ինչպես նախագծել խաղեր և որքանով է կարևոր անվտանգ գաղտնաբառերի կիրառությունը:

«Տարեցտարի ավելի և ավելի շատ մարդիկ են ոգևորվում ծրագրավորմամբ: Ծրագրավորում սովորելու համար չկա տարիքային սահմանափակում, ամեն մեկը ցանկացած պահի կարող է սկսել սովորել: Այսօր առանց զգալի ծախսի ծրագրավորում սովորելու բազմաթիվ միջոցներ կան: Hour of Code-ի միջոցով ցանկանում ենք, որ այդ ոգևորիչ ճանապարհը մարդիկ սկսեն մեզ հետ»,- ընդգծել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«Ապրելով տեխնոլոգիաներով հագեցած հազարամյակում՝ շատ կարևոր է երեխաներին տեխնոլոգիաներ սպառող հասարակությունից դարձնել տեխնոլոգիաներ ստեղծող։ Այն, ինչ մենք սպառում ենք առցանց տիրույթում, կարող ենք նաև ստեղծել։ Նմանատիպ միջոցառումները խթան են ծառայում դպրոցականների շրջանում ծրագրավորմամբ հետաքրքրվելու, նոր գաղափարներով հանդես գալու և հետագայում նորարար լուծումներ ստեղծելու համար», - նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է «Ծրագրավորման ժամ» միջոցառման կազմակերպմանը՝ ելնելով երիտասարդության շրջանում տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն առաջացնելու և խթանելու, հեռանկարում այդ ոլորտը Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը դարձնելու հրամայականից», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Ծրագրավորման ժամ»-ի իրականացման համար տրամադրել է 150 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիություն ներբեռնման և վերբեռնման համար՝ Wi-Fi ցանցի միջոցով, ինչը հնարավորություն է տվել ապահովել միջոցառման 300 մասնակիցների համաժամանակյա միացումը համացանցին: Արդյունքում՝ յուրաքանչյուր մասնակից միջինում ապահովվել է 3 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիությամբ:

Միջոցառման պաշտոնական հեշթեգն էր #HourofCodeEVN: Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի` աշխարհի 180 երկրրից: Հետաքրքրությունն այս միջոցառման նկատմամբ գնալով մեծանում է: Եթե «Ծրագրավորման ժամ 2015»-ին մասնակիցների թիվը գերազանցում էր 250-ը, ապա այս տարի միջոցառմանը մասնակցել է ավելի քան 300 մարդ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---