ՌԴ դեսպանի սպանությունը նկարահանած լուսանկարիչ. Ես կարող էի փախչել, բայց պետք է աշխատանքս կատարեի

ՌԴ դեսպանի սպանությունը նկարահանած լուսանկարիչ. Ես կարող էի փախչել, բայց պետք է աշխատանքս կատարեի

PanARMENIAN.Net - Associated Press-ի լուսանկարիչ Բուրհան Օզբիլիջին, որը դեկտեմբերի 19-ին ներկա էր Անկարայում «Կալինինգրադից մինչև Կամչատկա ճանապարհորդների աչքերով» ցուցահանդեսի բացմանը ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության ժամանակ և լուսանկարել է մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է կատարվածի մանրամասները:

Ըստ նրա, նա որոշել էր այցելել ցուցահանդես «ուղղակի այն պատճառով, որ դա իր տան ճանապարհին էր»: Դա ստանդարտ միջոցառում էր, նշել է լուսանկարիչը: Նա ցուցահանդես է ժամանել այն ժամանակ, երբ ՌԴ դեսպանը հանդես էր գալիս ելույթով:

«Նա ցածրաձայն էր խոսում, և որքան ես կարողացա լսել, իր հայրենիքի հանդեպ սիրով»,-ասել է Օզբիլիջին` հավելելով, որ Կարլովը ելույթի ժամանակ իրեն թվաց «հանգիստ ու համեստ մարդ»,-գրում է ՌԻԱ Նովոստին:

«Երբ սև կոստյումով և փոխկապով մարդը հանեց ատրճանակը, ես ապշեցի, մտածեցի, որ դա ինչ-որ հնարք է ուշադրություն գրավելու համար: Բայց իրականում դա սառնասրտորեն պլանավորված սպանություն էր, որը կատարվում էր իմ աչքի առաջ և այլ մարդկանց աչքի առաջ…»,-ասել է լուսանկարիչը:

Ըստ նրա, պատկերասրահում առնվազն 8 կրակոց է լսվել: Մարդիկ ընկան հատակին, թաքնվեցին սեղանների տակ ու սյուների ետևում: «Ես վախեցած էի ու շփոթված, բայց թաքնվեցի պատի ետևում ու անցա իմ գործին. սկսեցի լուսանկարել»,-ասել է Օզբիլիջին:

«Ինձանից մի քանի վայրկյան պահանջվեց գիտակցելու համար կատարվածը` իմ կողքին մարդ էր մահացել, կյանքն անհետացավ իմ աչքի առաջ»,-գրել է նա:

Օզբիլիջին նկարագրել է ահաբեկչին որպես գրգռված մարդու, որը միևնույն ժամանակ վերահսկում էր իր գործողությունները:

«Երբ գրասենյակ վերադարձա լուսանկարը հրապարակելու, ապշեցի` տեսնելով, որ կրակողը ելույթի ժամանակ կանգնած էր անմիջապես դեսպանի թիկունքում` ինչպես ընկեր կամ թիկնապահ»,-հավելել է լուսանկարիչը:

«Այն պահին ես մտածում էի, որ եթե նույնիսկ ինձ սպանեն կամ վիրավորեն, ես լրագրող եմ, պետք է անեմ իմ գործը: Ես կարող էի փախչել, ոչ մի կադր չանելով, բայց չէր կարողանա պատասխանել հարցին , թե ինչու չեմ լուսանկարել»,-ասել է նա:

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանը մահացել է:

Կարլովի վրա կրակած 22-ամյա Մևլութ Մերթ Ալթինթաշը ծառայում էր ոստիկանությունում, սակայն դեսպանի վրա հարձակման օրը իր պարտականությունները կատարելիս չի եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---