Սերժ Սարգսյանը ԱԱԽ նիստ է գումարել

Սերժ Սարգսյանը ԱԱԽ նիստ է գումարել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Օրակարգի շրջանակներում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» նախագիծը: Հայեցակարգի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից և կոչված է ապահովելու ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման քաղաքականության շարունակականությունը` հիմնվելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշների, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման միջազգային առաջատար փորձի վրա: Այն նպատակաուղղված է Հայաստանում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համակարգի առավել կատարելագործմանը, ռադիոակտիվ նյութերի հետ գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանը:

Նախագծի քննարկման արդյունքում նախագահը, կարևորելով փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը, հանձնարարել է ՀՀ վարչապետին՝ ՀՀ փոխվարչապետի և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ քննարկել և առաջարկություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» դրույթներից բխող ՀՀ կառավարության ռազմավարության մշակման ժամկետների վերաբերյալ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Անվտանգության խորհրդի անդամներին զեկուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018թ. Հայաստանում անցկացնելու մասին հարցը, որի վերաբերյալ հանձնարարական էր ստացել Հանրապետության նախագահի հետ դեկտեմբերի 2-ին ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ: Խորհրդի նիստում որոշվել է ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողով:

Անտանանարիվուում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթնաժողովը նոյեմբերի 27-ին միաձայն որոշում է ընդունել 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում:

Նախագահը հանձնարարել է կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ապահովել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման գործողությունների ծրագրի մշակումը և ներկայացումը ՀՀ Նախագահի հաստատմանը: Հանձնարարվել է նաև ձևավորել Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում ՀՀ նախագահության նախապատրաստման և անցկացման հարցերով քարտուղարություն:

Ազգային անվտանգության խորհրդի անդամները լսել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի զեկույցը ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և Ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի (2009-2035թթ.) իրականացման արդյունքների և ոլորտի հետագա զարգացման տեսլականի վերաբերյալ, հայտնում է, նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---