Ռոուհանի. Ուզում ենք զարգացնել ՀՀ հետ երկկողմ հարաբերությունները

Ռոուհանի. Ուզում ենք զարգացնել ՀՀ  հետ երկկողմ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Նախագահի նստավայրում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի դիմավորման պաշտոնական արարողությունը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Իրանի նախագահն առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Հասան Ռոուհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

Դիմելով ԻԻՀ նախագահին՝ Սարգսյանը նշել է, թե նա հայ ժողովրդի կողմից սպասված և ցանկալի հյուր է, և հույս հայտնել, որ Ռոուհանիի առաջին պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում նոր ոգի և շունչ կհաղորդի երկրների միջև գործակցությանը:

«Հայ-իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքերից, և հենվելով այդ շատ ամուր հիմքի վրա՝ 1992 թվականին մենք ձևավորեցինք միջպետական հարաբերություններ: Այսօր՝ 25 տարի անց, ես շատ ուրախ եմ, որ կարող ենք փաստել՝ այս ժամանակահատվածում չի եղել մի հանգամանք, որ մթագնի մեր հարաբերությունները: Մենք շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը մեր հարաբերությունների նկատմամբ ուշադիր վերաբերմունքի համար:

Մենք էլ մշտապես եղել ենք շիտակ և ազնիվ մեր հարաբերություններում և պատրաստ ենք այդպես էլ շարունակել»,-ասել է ՀՀ նախագահը:

Իր հերթին ԻԻՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:

«Մենք Հայաստանի Հանրապետությունը համարում ենք մեզ բարեկամ երկիր և ցանկանում ենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել: Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական»,- ասել է Հասան Ռոուհանին:

Ռոհանիի այցի նպատակն է խորացնել երկու երկրի հարաբերությունները տարբեր ոլորտներում։Իրանի նախագահի այցի շրջանակում Հայաստանն ու Իրանը նախատեսում են ստորագրել երկկողմ գործակցությանը վերաբերող համաձայնագիր, ինչպես նաև, ըստ իրանական կողմի, նախատեսվում է Երևանում անցկացնել բիզնես համաժողով։ Հայաստանից Իրանի նախագահը մեկնելու է Ղազախստան, ապա՝ Ղրղըզստան։

Կարդացեք նաև՝ Իրանի նախագահը Երևանում է. Նրան դիմավորել է Սարգսյանը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---