Մեղրին և Ագարակն այսուհետ գազ կստանան Իրանից

Մեղրին և Ագարակն այսուհետ գազ կստանան Իրանից

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ քաղաքներում կառուցված գազի բաշխման ցանցի պաշտոնական բացումը։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Հայաստան կատարած այցի օրը վառվել է խորհրդանշական կրակը և տրվեց գազամատակարարման մեկնարկը։

Մեղրի և Ագարակ քաղաքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը հնարավոր եղավ իրականացնել Իրանի անմիջական օժանդակության շնորհիվ։

Իրանի կառավարությունը տրամադրել էր 2 մլն դոլար դրամաշնորհ։ Իր հերթին Հայաստանի կառավարությունը ստանձնել էր տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:

Մեղրի և Ագարակ քաղաքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքներն իրականացրել է իրանական «Սաներջի» ընկերությունը։

Ծրագրի շրջանակներում Մեղրիում անցկացվել է մոտ 26,5 կմ, իսկ Ագարակում՝ 4,8 կմ երկարությամբ տարբեր ճնշման գազատար։ Մեղրի քաղաքի գազամատակարարումն ապահովելու նպատակով կառուցվել է ևս շուրջ 1 կմ երկարությամբ բարձր ճնշման գազատար և գազաբաշխիչ կայան, որը նախատեսված է նաև քաղաքի հարակից բնակավայրերի գազամատակարարման համար։

Մի քանի ամիս տևած աշխատանքներից հետո ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։

Արդյունքում՝ ամբողջությամբ գազիֆիկացվել է Մեղրի քաղաքը և Ագարակի մի մասը՝ մոտ 50 տոկոսը, հայտնում է էներգետիկայի և բնական պաշարների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---