ՀՀ-ն՝ կապող օղակ իրանական, ԵՏՄ և եվրոպական շուկաների միջև

ՀՀ-ն՝ կապող օղակ իրանական, ԵՏՄ և եվրոպական շուկաների միջև

PanARMENIAN.Net - Երևանում կայացել է «Հայաստան-Իրան» գործարար համաժողովը, որը վերջին մեկ տարում չորրորդ խոշոր միջոցառումն է՝ ուղղված հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։

Այն կազմակերպվել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից։

Համաժողովին մասնակցել է տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 170 գործարար, որից մոտ 90-ը ԻԻՀ-ից, այդ թվում՝ հայազգի ձեռներեցներ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է. «Նման համաժողովներն ու ցուցահանդեսները, որոնց թվում ցանկանում եմ հիշատակել հոկտեմբեր ամսին Իրանում կայացած «Հայաստան Էքսպո-2016» ցուցահանդեսը, դարձել են շատ կարևոր հարթակ՝ համախմբելով մեր երկրների պետական ու գործարար հատվածի ներկայացուցիչներին և նրանց հնարավորություն ընձեռելով քննարկելու առկա հիմնախնդիրները, մշակելու մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործուն մեխանիզմներ և ուղենշելու համագործակցության նոր ոլորտներ»:

Նախագահը կոչ է արել իրանական ընկերություններին ներդրումներ կատարել Հայաստանում՝ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: «Մեկ անգամ ևս վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրի պատրաստ ենք ցուցաբերել առանձնահատուկ` ներդրողների կարիքների վրա հիմնված մոտեցում», - ասել է ՀՀ նախագահը:

Ելույթներով հանդես են եկել նաև հայ և իրանցի պաշտոնյաներ։ «Հայաստանի Հանրապետության համար Իրանի Իսլամական Հանրապետությունը ջերմ, բարեկամական երկիր է, և Հայաստանում միշտ մեծ հետաքրքրություն է եղել հնարավորինս զարգացնելու երկկողմ տնտեսական, առևտրային հարաբերությունները, որի համար կան մեծ նախադրյալներ։ Այդ ամենում կարևոր դերակատարում ունի նաև հայ համայնքը»,-ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։

ԻԻՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեին նշել է. «Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև։ Մենք կարող ենք Հայաստանից ապրանք արտահանել ԵԱՏՄ առանց մաքսատուրքերի, բացի դրանից Հայաստանը կարող է կապող օղակ լինել Իրանի և եվրոպական շուկաների միջև», մեջբերում է Հայաստանի զարգացման հիմնադրամը։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու հեռանկարային ոլորտները։ Նա անդրադարձել է Հայաստանի աշխարհագրական դիրքին, բնակչության կազմին, կառավարման համակարգին, բացի այդ` տեղեկություններ է փոխանցել երկրի մուտքային անցագրերի, հասանելի տրանսպորտի, հաղորդակցային և էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ։

Հայաստան-Իրան գործարար համաժողովի ընթացքում ստորագրվել են համագործակցության 5 հուշագիր. «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի, Իրանի էներգետիկայի նախարարի խորհրդականի և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի միջև, «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգայի կենտրոնի» և Մուհամադ Հոջաբ Փանահիի միջև, ԻԻՀ Գիլանի նահանգի «Գործարանների և արտահանման միության» և «Հայաստանի գործատուների հանրապետական միության» միջև, ԻԻՀ Գիլան նահանգի առևտրի արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի միջև, ԻԻՀ Գիլանի նահանգի և Արարատի մարզպետարանի միջև, տեղեկացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել B2B ձևաչափի հանդիպումներ հայ և իրանցի գործարարների միջև:

Համաժողովի աշխատանքներն ամփոփել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նախարարը հայտնել է, որ համագործակցության մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մասնավորապես, գիտելիքահենք` նանոտեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, տեքստիլի, վերամշակող արդյունաբերության, դեղագործության, ոսկերչության, զբոսաշրջության, ֆինանսաբանկային համակարգի և տրանսպորտի ոլորտներում:

Նա հատկապես կարևորվել է երկկողմ և տարանցիկ տրանսպորտային փոխադրումների գործընթացի ակտիվացման առումով:

Կարդացեք նաև՝ ՀՀ և Իրանի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել. Նախագահների հանդիպումն ամփոփվել է

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---