12 հուլիսի 2007 - 18:25 AMT
Հրանտ Դինքի սպանության հանցակիցները իրականում շատ ավելին էին
Հրանտ Դինքի սպանությունը ծրագրվել է շատ ավելի մեծ խմբի կողմից, քան այն, որ ներկայացված է դատարանում: Այդ մասին գերմանական Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում ասել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էտիեն Մահչուպյանը: Նրա խոսքերով, շատ ոստիկաններ գիտեին այն մասին, թե ինչ պետք է կատարվեր, սակայն չկանխեցին Դինքի սպանությունը: «Իշխանություններին մեղադրում են Դինքի հասցեին հնչաց սպառնալիքներին պատասխան տալու տապալման մեջ: Կասկածյալներ Յասին Հայալն ու Էրհան Թունջելը նույնիսկ պնդում են, որ համագործակցում են անվտանգության ծառայությունների հետ: Տվյալ դեպքը թեստ կդառնա դատական իշխանությունների համար` ստուգելու վերջիններիս ունակությունը կառավարության թերացումը հետաքննելու հարցում»,- գրում է Der Spigel-ը:

«Ակոս»-ի գլխավոր խմբագրի կարծիքով, սպանության հնարավոր նպատակը կայանում էր նրանում, որպեսզի հուզումներ առաջանային ընտրությունների ժամանակ եւ տորպեդահարվեր Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը. «Ըստ երեւույթի, հարձակումների շարք էր ծրագրված, սակայն հասարակական արձագանքը չափազանց ուժեղ էր, որպեսզի դրանք շարունակվեին»: «Առաջ, դատավորները սովարաբար վախենում էին ռիսկի դիմել: Նրանցից ոչ ոք չէր ցանկանում ցուցադրել զինված ուժերի, կառավարության եւ դատական իշխանության կապը: Սակայն այս դեպքում հույս կա, որ նրանք իրոք կարող են հասնել գործի էությանը: Դատավորները ճկուն են, աշխատում են փաստաբանների հետ»,- նշել է նա: Պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք նրա վրա ճնշում գործադրվում է իր գործնեության մեջ` Էտիեն Մահչուպյանը նշել է, որ ներկա դրության նման բան չի նկատվում, սակայն ցանկության դեպքում ինչ-որ մեկը կարող է հին հոդվածներն ու մեղադրանքի փաստաթղթերը գտնել, քանի որ նա դատական հետապնդման է ենթարկվել «պետական ինստիտուտներին անպատվելու» մեղադրանքով: