23 դեկտեմբերի 2016 - 10:42 AMT
ԶԼՄ-ներ. ԻՊ գրոհայինները ողջակիզել են թուրք զինվորականներին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ողջ-ողջ այրել են թուրքական բանակի 2 զինվորականի, հայտնում է ՌԻԱ Նովոստին Turkish Minute-ի վրա հղումով:

Ըստ պորտալի, զինվորականները գերեվարվել էին գրոհայինների կողմից 3 շաբաթ առաջ Էլ Բաբ քաղաքի շրջանում` Սիրիայի հյուսիսում: Գրոհայինները թուրք զինվորականների ողջակիզման տեսագրությունը տեղադրել են համացանցում դեկտեմբերի 22-ի երեկոյան:

2015-ի փետրվարին ԻՊ-ն տարածել էր Հորդանանի ՌՕՈւ գերեվարված օդաչու Մուզա ալ Քասասբեհի ողջակիզման տեսագրությունը:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը: