ՀԱՊԿ երկրների ղեկավարները Պետերբուրգում կքննարկեն նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը

ՀԱՊԿ երկրների ղեկավարները Պետերբուրգում կքննարկեն նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները Պետերբուրգում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդի նստաշրջանի շրջանակում կքննարկեն ռոտացիոն կարգով կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը: Այդ մասին դեկտեմբերի 26-ին լրագրողներին է հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կշարունակվի այդ հարցի քննարկումը, կան տարբեր թեկնածություններ, նախագահները քննարկելու են»,-ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք օրակարգում կամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ռոտացիայի հարցը և ինչ թեկնածություններ են քննարկվելու:

Երևանում հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:

«Մենք այդ մասին կտեղեկացնենք վերջում»,-ասել է Պեսկովը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ի առավոտյան մեկնել է Պետերբուրգ` մասնակցելու ՀԱՊԿ Խորհրդի արտահերթ նիստին: Բելառուսի նախագահը չի ժամանել ՌԴ, թեև նրա մասնակցությունը ևս նախատեսված էր:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն կազմակերպության սահմաններին ՆԱՏՕ-ի աճող ակտիվությանը հակազդելու միջոցները: Ըստ Բորդյուժայի, առաջիկա հանդիպմանը ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները կքննարկեն միջազգային օրակարգի խնդիրներ, այդ թվում եվրասիական ինտեգրման հարցերը: Գագաթնաժողովի օրակարգում է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման ընթացակարգի հարցը:

ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---