27 դեկտեմբերի 2016 - 12:43 AMT
Ծովից հանվել է կործանված Տու-154-ի առաջին սև արկղը

Ստորջրյա «Ֆալկոն» սարքը 17 մ խորության վրա հայտնաբերել է կործանված Տու-154-ի առաջին սև արկղը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Գիշերվա ընթացքում անդադար շարունակվել է Տու-154-ի կործանման վայրի զննությունը: Մոսկվայի ժամանակով 5:42-ին ափից 1600 մ հեռավորության և 17 մ խորության վրա «Ֆալկոն« հեռակառավարվող սարքը հայտնաբերել է հիմնական ինքնագրիչը»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գերատեսչությունում ասել են նաև, որ առաջիկա ժամերին սև արկղը վերծանման համար կտեղափոխվի մերձմոսկովյան համապատասխան հաստատություն:

Ավելի վաղ փրկարարները հայտնել էին, որ հայտնաբերել են կործանված ինքնաթիռի պոչի մասը:

Սև արկղերի տվյալները թույլ կտան փրկարարներին պարզել ողբերգության պատճառները: Ըստ ՌԴ ԱԴԾ-ի, կա 3 հիմնական վարկած` ինքնաթիռի անսարքությունը, կողմնակի առարկան շարժիչում, օդաչուի սխալն ու անորակ վառելիքը: Ահաբեկչության նշաններ հատուկ ծառայությունները դեռ չեն տեսնում:

Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող Ту-154 օդանավը, որը Սոչիից ուղևորվելիս է եղել դեպի Սիրիա, անհետացել էր ռադարների տեսադաշտից և ընկել Սև ծովը։ Օդանավը անհետացել է անմիջապես թռիչքից հետո։ Օդանավում եղել է 92 մարդ՝ 83-ը ուղևոր, որոնք հիմնականում ՌԴ ՊՆ աշխատակիցներ են եղել, ինչպես նաև արտիստներ, որոնք թռչել են Սիրիայի ավիաբազա՝ շնորհավորելու ՌԴ զինված ուժերի Ամանորը։ Բացի այդ, կործանված օդանավում եղել են նաև ինը ԶԼՄ ներկայացուցիչ։