Ռիչարդ Հոգլանդը չի՞ նշանակվի ԱՄՆ-ի դեսպան Հայաստանում

PanARMENIAN.Net - Ըստ գաղտնի, բայց հուսալի աղբյուրների, Ռիչարդ Հոգլանդը որպես դեսպան կմեկնի այլ երկիր: Ինչպես գրում է The California Courier-ը, այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նրա թեկնածությունը երկու անգամ մերժվեց Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից: Երկու անգամ էլ վետոյի իր իրավունքից օգտվեց Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսը:



Կարծես թե, վերջապես, ԱՄՆ նախագահի վարչակազմը եկավ այն եզրակացության, որ Ռիչարդ Հոգլանդի հաստատումը Հայաստանում դեսպանի պաշտոնում անհույս է: Շուրջ մեկ տարի սպասելուց հետո, դեսպան Հոգլանդն արժանի է դիվանագիտական առաքելություն կատարել ցանկացած այլ երկրում, սակայն ոչ Հայաստանում: Պետդեպարտամենտի ղեկավարության ոչ այնքան հմուտ գործողությունները չպետք է անորոշության մատնեն նրա դիվանագիտական կարյերան: Միայն ժամանակը ցույց կտա, թե Բուշի վարչակազմն ընկալեց արդյոք ինչպես հարկն է Ամերիկայի հայ համայնքի զգացմունքները: Հույս կա, որ այս դեպքում Պետդեպարտամենտի կրած դժվարությունների պատճառով, ԱՄՆ նախագահի վարչակազմը կխորհի ԱՄՆ հայ համայնքի հանդեպ իր անհարգալից վերաբերմունքի մասին 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ»,-գրում է The California Courier-ը:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի կողմից Ռ.Հոգլանդի հաստատումը 2006 թվականի սեպտեմբերի 7-ին արգելափակեց սենատոր Ռոբերտ Մենենդեսը: Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահի վարչակազմին կոչ արվեց նոր թեկնածու ընտրել Հայաստանում դեսպանի պաշտոնի համար: Հայաստանում Ռ.Հոգլանդին դեսպանի պաշտոնում նշանակման հանդեպ բացասական վերաբերմունքը պայմանավորված է այն փաստով, որ պատասխանելով 1915 թվականի իրադարձությունների մասին հարցին, դիվանագետը հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ետ կանչվեց 2006 թվականի հուլիսին` Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ճանաչելու պատճառով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---