Դվորնիկով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հետաձգումն ամոթալի է

Դվորնիկով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հետաձգումն ամոթալի է

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հետաձգումը, ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված, ամոթալի է: Այսպիսի կարծիք է հայտնել փորձագետ Դենիս Դվորնիկովը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված իրավիճակը բավականին ամոթալի է: Ավելին, այդ պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հետաձգումը, ղարաբաղյան հակամարտության հետ կապված, բավականին երկիմաստ է: Հայաստանը միշտ շատ կոռեկտ է իրեն դրսևորել այդ միության կազմում: Նույնիսկ երբ Ադրբեջանը գնդակոծում էր բուն Հայաստանի տարածքը, ոչ Արցախի, ապա նույնիսկ այդ դեպքում ՀԱՊԿ անդամներին ներքաշելու ոչ մի փորձ չի արել: Թեև ուներ այդ իրավունքը»,-ասել է Դվորնիկովը:

Նա նշել է, որ ճաքերը ՀԱՊԿ-ում խորանում են և «անխուսափելիորեն կտարածվեն ամբողջ եվրասիական նախագծի մակերեսով»:

«Ռուսաստանը բարդագույն վիճակում է: Սակայն, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, կարծում եմ, որ պետք էր պնդել ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցում: Պատերազմական պայմաններում թուլության դրսևորումը սեփական նախագծում կարող է թանկ արժենալ: Առավել ևս, որ Հայաստանն անհարմար վիճակի մեջ չէր դնի: ՀԱՊԿ լիազոր գլխավոր քարտուղարը կաշխատեր սահմանված ժամկետում և վերջ: Որոշման հետաձգումը մինչև 2017-ի ապրիլ ուղղակի ծաղրուծանակի է նմանվում: Ադրբեջանական ագրեսիայի տարելիցին նշանակման հետ կապված վիճակն էլ ավելի կսրվի:

Ընդհանուր առմամբ, խնդիրն առաջացել է «հարթ տեղում»: Բայց հիմա այն պետք է լուծել: Եվ այս պայմաններում ՀԱՊԿ-ը կարող է և չդիմանալ 2017-ի մարտահրավերներին»,-գրել է Դվորնիկովն իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ Պետերբուրգում ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարվեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի կազմակերպության խորհրդի հաջորդ նստաշրջանում` ապրիլին:

Ռոտացիոն կարգի համաձայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ստանձներ ՀՀ ներկայացուցիչը:Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:Երևանում հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---