Օրհուս կենտրոնները կարող են պետկառավարման հանձնվել

Օրհուս կենտրոնները կարող են պետկառավարման հանձնվել

PanARMENIAN.Net - Հայաստանում գործող բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոնների գործունեության վերաբերյալ քննարկում է անցկացվել ՀՀ բնապահպանության նախարարությունում:

Կարևորելով կենտրոնների աշխատանքների շարունակականությունը և նպատակայնության բարձրացումը` հանդիպմանը քննարկվել է Օրհուս կենտրոնները պետական կառավարմանը հանձնելու մեխանիզմները, ինչն ամրագրված է նաև երկկողմ հուշագրում:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն առաջնային է համարել այդ գործընթացի համակարգային լուծման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին կնպաստի կենտրոնների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Քննարկման արդյունքում որոշվել է, որ Օրհուս կենտրոնների նոր կարգավիճակի հարցը հստակեցնելու համար պետք է վերջիններիս վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ նոր հուշագիր մշակել` որում կսահմանվեն կողմերի լիազորությունները, համաֆինանսավորման մեխանիզմները:

ՀՀ բնապահպանության նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում ներկայացնել համագործակցության հուշագրի նոր նախագիծ` հստակեցնելով Օրհուս կենտրոնների կարգավիճակը և գործունեության սկզբունքները, ինչպես նաև կողմերի պարտավորությունները:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գոհար Ղազինյանը ներկայացրել է Օրհուս կենտրոնների ձևավորման ընթացքը և կատարած աշխատանքները:

2002-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ ստորագրված հուշագրի շրջանակում ստեղծել են Երևանի Օրհուս կենտրոնը, ինչին հաջորդել է նաև Հայաստանի մարզերում ևս 14 կենտրոնի ստեղծումը:

Բանախոսը հայտնել է, որ կենտրոնների հիմնական գործառույթը եղել է Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եվ արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայով (Օրհուսի կոնվենցիա) Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը նպաստելը, այն է` բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը և որոշումների կայացման գործընթացներին հասարակության մասնակցության խթանումը: Ներկայացվել են կենտրոնների գործունեության արդյունքները, ինչը պարբերաբար բարձր է գնահատվել նաև միջազգային կառույցների կողմից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---