29 դեկտեմբերի 2016 - 10:56 AMT
Թրամփ. ՄԱԿ-ը մեծ ներուժ ունի, բայց քիչ օգուտ է տալիս

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՄԱԿ-ը մեծ ներուժ ունի, սակայն շատ քիչ օգուտ է բերում: Այդ մասին հանրապետականը հայտարարել է դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայի նահանգում:

«Երբ եք տեսել, որ ՄԱԿ-ը հարցեր լուծ: Նման բան չի եղել, եթե ՄԱԿ-ն արդարացնում է իր ներուժը, հրաշալի է, եթե ոչ՝ դա ժամանակի և գումարի դատարկ վատնում է»:

Դեկտեմբերի 28-ին Թրամփը խստորեն քննադատել է ԱՄՆ վարչակազմին, մասնավորապես, նաև Իսրայելի հարցում քաղաքականության համար:

«Մենք չենք կարող շարունակել հանդուրժել այն, որ Իսրայելին վերաբերվում են անհարգալից և քամահրանքով: Նախկինում Իսրայելն ԱՄՆ մեծ բարեկամն էր, բայց հիմա՝ ոչ: Տարին սկսվեց Իրանի հետ սարսափելի գործարքով, իսկ հիմա ՄԱԿ ԱԽ այս բանաձևը: Հզոր եղիր, Իսրայել, հունվարի 20-ը մոտենում է»,-ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը:

ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով պահանջվում է Իսրայելից դադարեցնել ավանների կառուցումը պաղեստինյան տարածքներում, այդ թվում Արևելյան Երուսաղեմում: Չնայած Իսրայելի բազում հորդորներին, ԱՄՆ-ն, հակառակ իր վարքագծի, ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ, վետո չդրեց և նախագիծն ընդունվեց:

Բանաձևը, որը սկզբից առաջարկել էր Եգիպտոսը, իսկ հետո հանել քվեարկությունից, կրկին քվեարկության դրվեց ՄԱԿ ԱԽ-ում Սենեգալի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի և Վենեսուելայի կողմից: