29 դեկտեմբերի 2016 - 13:47 AMT
Մամեդյարով. ԼՂ հարցում որևէ կառույց չի կարող մենաշնորհային դիրք ունենալ

Ադրբեջանն ապագայում ևս շարունակելու է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացմանն ուղղված քաղաքականությունը` չսահմանափակվելով միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

2016-ին, նրա խոսքով, այս խնդրին միջազգային մի շարք կազմակերպություններ են անդրադարձել` ՄԱԿ-ից մինչև Իսլամական համագործակցության կազմակերպություն, «Ազերթաջ»-ին հղումով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ղարաբաղյան հակամարտության ընթացքում որևէ կառույց չի կարող մենաշնորհային դիրք զբաղեցնել», - պնդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` պետությունների ղեկավարների մակարդակով, բազմիցս են հանդես եկել հայտարարություններով` ստատուս քվոյի փխրուն բնույթի և անթույլատրելիության մասին: Ադրբեջանը ներկայում առկա ստատուս քվոյի փոփոխության ամենաշահագրգիռ կողմն է: Այս համատեքստում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակում անցկացված քննարկումները մենք որպես ճիշտ ուղղությամբ ձեռնարկված դրական քայլ ենք գնահատում:

Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը և առանց հապաղման կյանքի կոչենք այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները», - նշել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Մամեդյարովի խոսքով՝ միայն հստակ գործողությունները հնարավորություն կտան փոխել տարածաշրջանում առկա իրադրությունը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Կարդացեք նաև՝ ՀՀ պետսահմանին դիվերսիայի փորձի արդյունքում հայկական կողմը 3 զոհ ունի