29 դեկտեմբերի 2016 - 13:59 AMT
Սուրենյան. Տեղումնառատ հունվար է սպասվում

Դեկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ին հանրապետությունում առանց տեղումների եղանակը պահպանվելու է: Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Արարատյան դաշտում, Շիրակում, Կոտայքի հատվածում և Վայոց ձեորի նախալեռնային գոտիներում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում կպահպանվի նաև մառախուղը, որը խիտ կլինի գիշերային և առավոտյան ժամերին, ինչի հետևանքով ճանապարհներին առաջանում է մերկասառույց: Օդի ջերմաստիճանը այս երեք օրերին էապես չի փոխվի, իսկ դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ի գիշերը միջերկրական ծովի շրջաններից շատ թույլ արտահայտված ցիկլոն է մոտենում հանրապետության տարածքում և հունվարի 1-ին և 2-ին գտնվելու ենք այդ թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում: Հունվարի 1-ին և 2-ին հանրապետությունում կամպի և հակապես Շիրակում, Կոտայքում, Արգածոտնում, Երևանում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում է թույլ ձյուն»,-մանրամասնել է Սուրենյանը, գրում է Panorama.am-ը:

Նա նաև հայտնել է, որ ներկա պահին Թուրքիայում շրջաններ կան, որոնք պարալիզացվել են, ձյան ծածկը հասնում է 2-3 մետրի, բայց այդ ցիկլոնը բեռնաթփվում է հենց ամբողջությամբ Թուրքիայի վրա և մեզ վրա շատ թույլ տեսքով է գալիս:

Անդրադառնալով հունվար ամսվա կանխատեսմանը՝ Գագիկ Սուրենյանը նշել է, որ հունվարը դեկտեմբերի համեմատ ավելի տաք է լինելու, սակայն դա չի նշանակում, որ ջերմ գարնանային եղանակ է սպասվում.

«Հունվարին նույնպես վայրիվերումները շատ մեծ են լինելու: Ունենալու ենք ցուրտ ներխուժումներ, բայց կգտնվենք նաև արևադարձային տաք հոսանքների ազդեցության ներքո: Հունվարը տեղումնառատ է լինելու և տեղումների նորմայի սահմաներից ավելին են լինելու, ինչպես դեկտեմբերին, առավելագույն ջերմաստիճանը Երևանում կանխատեսվում է +4-ից +5 աստիճան»: