29 դեկտեմբերի 2016 - 14:41 AMT
ՄԻՊ ներկայացուցիչն անհապաղ մեկնել է Չինարի՝ դիվերսիայի փորձի հետ կապված

Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձը Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ ակնհայտորեն խախտում Է կյանքի իրավունքը պաշտպանող միջազգային բոլոր պահանջները: Այս մասին ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ խիստ դատապարտման է ենթակա և անթույլատրելի մարդուն, այդ թվում՝ զինվորական ծառայողին կյանքից զրկելն այն պայմաններում, երբ բացակայում է հարձակման որևէ հավանականություն: Խիստ դատապարտելի է ռազմական գործողություն նախաձեռնելը բնակելի գյուղի մոտակայքում և այն էլ առավոտյան ու ցերեկային ժամերի, ինչը իրական է դարձնում գյուղի բնակիչներին վնաս պատճառելու հնարավորությունը և ադրբեջանական զինված ուժերի այդպիսի մտադրությունը:

Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաև ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչն անհապաղ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի խախտման հանգամանքները և կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ:

Փաստահավաք աշխատանքների կատարման արդյունքների հիման վրա կտրվեն հիմնավորված գնահատականներ՝ միջազգային համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու նպատակով, ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրության մեջ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: