29 դեկտեմբերի 2016 - 15:44 AMT
ՀՀ հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգն ընդունվել է

Կառավարությունը դեկտեմբերի 29-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգին, որի հիմնական նպատակն է ամրագրել ՀՀ կառավարության տեսլականը հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման համար:

Մասնավորապես, կամրագրվի ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջների ապահովման հարցը, «Մեղրի», «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երի կառուցման ապահովման հետագա ընթացքի տեսլականը և հիդրոակումուլիացիոն կայանի տեղակայման անհրաժեշտության որոշակիացումը:

Հիմնավորման մեջ ասված է, որ հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, քանի որ նախատեսվում է ընդունել հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ, որտեղ կամրագրվեն հստակ միջոցառումներ ներդրումներն ավելի բարենպաստ դարձնելու նպատակով, ինչն իր հերթին կբերի ՀՀ էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման աստիճանի բարձրացման:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Կարեն Կարապետյանը կարևորել է 300 մեգաՎատտ հզորությամբ «Մեղրի», «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներն օր առաջ սկսելու, ներդրողների հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ էներգետիկ անվտանգության ապահովման առումով:

Գործադիրի որոշմամբ հավանություն է տրվել նաև «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին, որի հիմնական նպատակն արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով ներդրումներ ներգրավելն է:

Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրված տեղանքներից երկուսի համար «Արիես ինժեներիա» խորհրդատվական իսպանական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումներ, իսկ չորս տեղանքի համար էլ նախապատրաստվում են:

Ծրագրի իրականացումն ուղղված է ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը` ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը, տնտեսական և էներգետիկ անվտանգությանը, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունների նվազեցմանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ նախատեսվող կայանների համար կազմակերպվող մրցույթներն առավել արդյունավետ դարձնելու համար նախարարությունը նախատեսում է հունվարի վերջին անցկացնել հնարավոր ներդրողների ֆորում, որտեղ կքննարկվեն ներդրումների ներգրավման հնարավորությունները և հավանականությունները: Կարևորելով նախարարության ներկայացրած ծրագրերը՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ դրանք նախատեսում են մոտ 400-500 մլն ԱՄՆ դոլար ներդրումային փաթեթ:

Վարչապետը նշել է նաև, որ հունվարի առաջին տասնօրյակից սկսած ամփոփվելու են նախարարությունների, գերատեսչությունների հաշվետվությունները, ինչպես նաև ամրագրվելու են 2017թ. անելիքները՝ հատկանշելով յուրաքանչյուր գերատեսչության մասով ներդրումների վերաբերյալ կանխատեսումները:

2016-ի սեպտեմբերին ի կատարումն ՀՀ կառավարության 2016թ. գործու­նեու­թյան միջոցառումների ծրագրի պահանջների՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգի նախագիծը, որը ներկայացվել է Կառավարության հաստատմանը։