19 հուլիսի 2007 - 14:30 AMT
Ա.Ղուկասյան. ԼՂՀ-ն ընտրություններ է անցկացնում իր ժողովրդի, ոչ թե միջազգային հանրության համար
«Ես լքում եմ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը կատարված պարտքի զգացումով»,-հուլիսի 19-ին հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը քվեարկելով Ստեփանակերտի ընտրական տեղամասերից մեկում: Նա նաեւ հավելել է, որ, անկասկած, չհաջողվեց հասցնել անել ամեն ինչ: Մեկնաբանելով Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, թե ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունները չեն ճանաչվի, նախագահը հայտարարել է. «Եթե միջազգային հանրությունը չի ճանաչում մեր հանրապետությունում ընթացող ընտրական գործընթացները, ապա թող այլընտրանք առաջարկի, կամ էլ Ղուկասյանը պետք է իրեն Թուրքմենբաշի հռչակի եւ կառավարի կես դար»,-նշել է նա` հավելելով, որ ԼՂՀ-ն ընտրություններ է անցկացնում իր ժողովրդի, ոչ թե միջազգային հանրության համար:

Անդրադառնալով թեկնածու Մասիս Մաիլյանի շտաբի հայտարարություններին նախընտրական քարոզչության ընթացքում գրանցված խախտումների մասին, նախագահը նշել է, որ անձամբ է ծանոթացել դրանց: Իր կարծիքով, «ոչ մի լուրջ բան չկա»: Դրանք հեքիաթներ են, որ հորինել են իրենց պարտված համարողները: Ցավոք, սեւ փիարը հասել է նաեւ Լեռնային Ղարաբաղ եւ նաեւ Հայաստանից: Իսկ չէ որ Թուրքիայից եւ Ադրբեջանից հնչող նեգատիվն արդեն իսկ չափազանց շատ է»,-նշել է նա:

Ըստ Ա.Ղուկասյանի, Լեռնային Ղարաբաղի ապագա նախագահը կստանձնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ողջ պատասխանատվությունը եւ բոլոր ջանքերը կգործադրի ԼՂՀ-ին բանակցային գործընթացում ներգրավելու համար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: