20 հուլիսի 2007 - 18:08 AMT
Վարդան Օսկանյանն ու Մանուչեհր Մոթթաքին քննարկել են հարեւան երկրների հետ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ընդունեց հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի նախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիին: Վերջինս գլխավորում է հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 7-րդ համատեղ նիստին մասնակցող ԻԻՀ պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատկան տվեց երկկողմ հարաբերություններին, նշելով դրանց գործնական հագեցվածությունը: Նախարարները շեշտեցին, որ այսօր արդեն տեսանելի են դարձել երկու ժողովուրդների միջեւ վերջին 15 տարվա բարիդրացիական գործակցության արդյունքները, որոնք արտահայտվում են մի շարք ոլորտներում գրանցվող հաջողություններով:

Նախարար Մոթթաքին համառոտ ներկայացրեց առավոտյան կայացած երկկողմ տնտեսական համագործակցության հանձնաժողովի աշխատանքները, նշելով, որ այն աչքի է ընկել մի շարք կարեւոր տնտեսական ծրագրերի խորը քննարկումով: Ընդգծվեց, որ կան բոլոր նախադրյալները Հայաստանի եւ Իրանի միջեւ այսօր առկա ապրանքաշրջանառության ծավալները կրկնապատկելու համար:

Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի եւ Իրանի հարեւաների հետ հարաբերությունների շուրջ: նախարար Օսկանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ հայկական կողմի գնահատականները:

Հայկական կողմի խնդրանքով նախարար Մ. Մոթթաքին ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների ընթացքն ու վերջին արդյունքները: Նա հավաստիացրեց, որ Իրանը ջանում է բացառապես բանակցային ճանապարհով հարթել առկա տարաձայնությունները եւ հարցը կարգավորել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության շրջանակներում: