20 հուլիսի 2007 - 19:10 AMT
Ֆրանսիայում պատրաստվում են հյուրընկալել Հայաստանի վարչապետին
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Երկուստեք մեծ գոհունակությամբ խոսելով հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության մասին, ՀՀ վարչապետը եւ Ֆրանսիայի դեսպանը մինչ այժմ իրականացված երկկողմ տարբեր միջոցառումների շարքում ընդգծել են Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացման կարեւորությունը, որը, ըստ նրանց, առանձնահատուկ բնույթ է հաղորդում հայ-ֆրանսիական հարաբերություններին եւ, ըստ էության, բացառիկ հնարավորություն է Ֆրանսիայում պատշաճորեն ներկայացնելու Հայաստանն իր դարավոր պատմությամբ, մշակույթով, ապագային միտված ծրագրերով:

Դեսպան Սմեսովը, կարեւորելով նաեւ երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները եւ խոսելով օրերս ՀՀ նախագահի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի կարեւորության մասին, նշել է, թե այժմ Փարիզում նախապատրաստում են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի այցը: